Այս մեկ շաբաթում Ադրբեջանը, Թուրքիան եւ նրանց սատարող ահաբեկիչները խախտումներ են կատարել միջազգային հումանիտար իրավունքների, ժնեւյան կոնվենցիաների՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքներն ու գյուղերը, եւ որի հետեւանքով ունեցել ենք զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով եւ կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսվեն բանակցություններ. «Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, միջազգային հանրություն ունի մի կարծիք, իսկ վտարյալ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուրիշ կարծիք եւ լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մերժում են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կոչը՝ կանգնեցնել պատերազմը, մենք համարել ենք ճիշտ, որ կոչ անենք միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կարող է ծառայել որպես լծակ ու մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ցավոք ստեղծված է եռյակը, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները, այն վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-ասաց նա:
Մասիս Մայիլյանը հավելեց, որ աշխատանք է տարվում տարբեր գործընկերների հետ, որպեսզի ավելացնեն ճնշումը Թուրքիայի վրա դիվանագիտական խողովակներով. «Հիմա առանձին Ադրբեջանի մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ հիմա նա տիկնիկի դեր է կատարում, Թուրքիայի ձեռքին է: Հիմնականում աշխատանքը տարվում է Թուրքիայի հետ, որպեսզի համոզեն իրենց սկսած սկսած գործի անհեռանկարայնության մեջ: Նաեւ մեր հաջողություններն առաջնագծում մեզ բերելու են մեծ հաջողություններ նաեւ դիվանագիտական ճակատում»:
Հարցին, թե արդյոք Արցախը ճանաչելու կոչին արձագանքներ եղել են, Մայիլյանն ասաց, որ կոչը այսօր է եղել, իրենց տարբեր խողովակներով դա հասցնում են գործընկերներին:











