Երբ դուք համալսարանական էիք, ձեր պատկերացումները բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների վերաբերյալ արդյոք հակընկնում է Հոգաբարձուների խորհրդում այն կոնֆիգուրացիային, որը հիմա պաշտպանում եք: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց դասախոսներից Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ իր պատկերացմամբ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ՝ դասախոսներ եւ ուսանողներ:

«Ժամանակը չի՞ որ այս ձեւականությունները դադարեցնեք եւ հայտարարեք, որ ուզում եք ԵՊՀ-ում ուղղահայաց կառավարում իրականացնեք, նշանակով ռեկտոր ունենաք»,-ասաց Մելքոնյանը:

Ի պատասխան Վահրամ Դումանյանն ասաց. «Ես ինձ նախկին համալսարանական չեմ համարում, եղել եմ եւ կմնամ համալսարանական: Ինձ համար համալսարանականը ԵՊՀ-ականը չի, դա ապրելակերպ, մտածելակերպ է:

Այս նույն դահլիճում նախկինում բազմիցս հնչել է, նաեւ ռեկտորների կողմից, որ ասել են՝ դե ի՞նչ ընտրություն, բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք: Ես հիշում եմ 2006 թվականին ռեկտորի ընտրությունը, ըստ օդում կախված լուրերի, կեղծվեց: Որեւիցե մեկը չի խոսել ինքնավարության, մեր իրավունքների մասին: Ես շատ լավ հիշում եմ, որ նաեւ Արշակ Սրբազանն էր եկել, հրավիրված լինելով որպես խորհրդի անդամ: Մտավ դահլիճ եւ իմացավ, որ արդեն խորհրդի անդամ չի: Խորհրդի նախագահն ասաց, դե լով, որ եկել եք, նիստը օրհնեք ու գնացեք: Եվ նա օրհնեց ու գնաց: Մենք սա հանդուրժել ենք:

Մենք այս նույն դահլիճում տարիներ շարունակ հանդուրժել ենք, պարոն Մելքոնյան, լինելով ժողովրդավար, ինքնավար ռեկտորներով շրջապատված, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տարեկան հարյուր մլն դրամից ավելի գումար տալու: Ես միայնակ բարձրացրել եմ այդ հարցը եւ հիմա էլ եմ ասում, որ դա եղել է սկզբունքային սխալ: Այո, հանդուրժել ենք եւ բոլորս ունենք մեր բաժինը դրա մեջ:

Կամ երբ զինապարտության մասին օրենք էր ընդունվում, որն անմիջական ազդեցություն պետք է ունենար մեր ուսանողության վրա, ես հիմա էլ եմ համարում, որ դա ճիշտ չի: Այսինքն իմ պատկերացրած ինքնավարությունը չի սկսվում ու ավարտվում նրանով, թե ռեկտորն ինչ մեխանիզմով կնշանակվի: 2006-ի ընտրություններից հետո եթե սա մենք համարում ենք ինքնավար համալսարան, ես այդպես չեմ կարծում»:

Նախարարի նկատեց, որ ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, ակադեմիական պարկեշտությունը սկսվում եւ ավարտվում է տվյալ բուհի կանոնադրության մեջ, որտեղ սահմանում ենք, թե ինչ պետք է անենք, Հիմնադիրը չի մտնում պրոֆեսիոնալ դաշտ: