30 տարի Ադրբեջանը զինվում էր ոչ նրա համար, որ եթե Հայաստանում որեւէ մեկը չասեր «Արցախը Հայաստան է եւ վերջ», ինքն այդպես էլ պատերազմ չսկսեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե պատերազմ սկսելու վերջին կաթիլը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
«Ես վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ ավելի խորը քաղաքական գործիչ է, քան անում է այդ հայտարարությունը: Մի օր Ադրբեջանը պատերազմը սկսելու էր, որովհետեւ 30 տարի միլիարդներ էր ծախսում բանակի վրա: Այդ ժամանակահատվածում մեր երկրում զինվորական գեներալները դղյակներ էին կառուցում, իսկ երկրի ղեկավարները Բադեն-Բադենի կազինոներում տանուլ էին տալիս անհայտ ծագման փողեր»,-ասաց նա:
Պնդմանը, որ նախկին իշխանությունների ժամանակ Ադրբեջանը պատերազմ չէր սկսում, միայն հիմա սկսեց, Հրաչյա Հակոբյանը հակադարձեց. «Չէր սկսում, որովհետեւ ասում էին՝ հողերը տալու ենք: «Գնում էին Ադրբեջանի հետ բանակցելու, ասում էին՝ հողերը տալու ենք, նա չէր սկսում պատերազմը, գալիս էին էստեղ, ասում էին՝ մեկը մի թիզ հող տվեց ազգի դավաճան է: Դրա համար պատերազմը չէր սկսում: խոստումնէր էին տալիս, որ հեսա-հեսա, սպասեք, էս խառը վիճակներն անցնի, ընտրությունները անցնի, հողերը տանք պրծնենք»։
Հիշեցմանը, որ ՀԱԿ-ը պնդում է, որ պատերազմի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կողմ եղավ «ոչմիթիզականությանը», որին կողմ էին նաեւ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Իմ քայլի» պատգամավորը նկատեց. «Ոմանք ասում էին, որ Նիկոլն եկել է հողերը հանձնի, ոմանք մեղադրում են, որ «ոչմիթիզական» էր: Հիմա գուցե գան ըւնդհանուր հայտարարի ու հասկանան, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան էր, որ եկավ հողերը հանձնի՞, թե՞ «ոչմիթիզական» էր, որ եկավ, ասեց՝ ես հող տվող չեմ: Թող դա պարզեն, որ երբ մի օր դաշինքով գնան ընտրությունների կամ դաշինքով սեղան նստեն, իրար չմեղադրեն:
Ես ամոթ եմ ապրում այն քաղաքական գործիչների համար, որոնք ասում են՝ Շուշին հանձնեցիք: Շուշիում 18-20 տարեկան տղաներ են զոհվել, եւ այն մարդիկ, որոնք ասում են՝ Շուշին հանձնեցիք, տպավորություն էր, որ այդ տղաների արյունը ընդհանրապես չեն արժեւորում»:











