Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի՝ դատական նիստերի դահլիճում ինքնազգացողության վատացման բուն պատճառը ՔԿՀ-ում ձեռք բերված ուղեղի արյան շրջանառության խանգարումներն են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Կոչուբաեւը պատմեց, որ գերլարվածության ֆոնին Վերմիշյանի մոտ առողջական որոշակի խնդիրներ ծագեցին. «Փսխեց, ինքնազգացողությունը կտրուկ վատացավ։ Ընդմիջումից հետո Վահագն Վերմիշյանը կոչ արեց հարգել մի մարդու հիշատակը, ով հենց այդ աթոռին նստած մահացավ, ինչը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, կիրառվեց դատական սանկցիա, որից հետո դատավարության մասնակիցները ոտքի կանգնեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին պարոն Գրիգորյանի հիշատակին, որը դատարանի կողմից ընկալվեց ավելի կոպիտ խախտում, եւ տասը ժամով Վահագն Վերմիշյանը հեռացվեց»,- ասաց Կոչուբաեւը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ում կան համակարգային խնդիրներ: Կալանք կրող անձիք, հատկապես քաղաքական զգայողություն ունեցող անձիք, ՔԿՀ-ում գտնվելիս ձեռք են բերում առողջական լուրջ խնդիրներ:
«Օրինակներից մեկը պարոն Վերմիշյանն է, անձ, ով առողջ ընդունվել է ՔԿՀ, բայց այսօր արդեն ուղեղի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունի, եւ անընդհատ նիստերի ժամանակ առողջական վիճակը էլ ավելի է սրվում: Այս պահին նրա առողջական վիճակը կայուն է, կարողանում է խոսել: Բայց պետք է հասկանալ՝ իր տարիքում ունենալով նման խնդիր, պետք է հետազոտություն անցնել եւ հասկանալ՝ ի վերջո ինչ էր սա, ինչի հետեւանք էր»,- ասաց պաշտպանը։
Կոչուբաեւը պատմեց՝ Վերմիշյանը չէր ցանկանում, որ դատական նիստն ընդմիջվեր, քանի որ այսօր իր խափանման միջոցի փոփոխման հարցով քննություն պետք է անցկացվեր. «Դրան հետեւեց Մնացական Մարտիրոսյանի անհարգալից վերաբերմունքը հենց իր նախագահությամբ արձանագրված մահին: Բայց Մնացական Մարտիրոսյանը, Մնացական Մարտիրոսյան է, ավելին նրանից սպասել չի էլ կարելի»։
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:











