Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 26-ին, մեկնարկել էր  «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատական նիստը։

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմն ասաց, որ իրենք չեն ծանոթացել վարույթի նյութերին, ընդ որում` ոչ իրենց մեղքով: Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին` Հարությունյանը նշեց, որ Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին վարույթի նյութերին ծանոթացման համար 4 կամ 5 օր տրամադրելը ողջամիտ ժամկետ չէ: Սակայն Մնացական Մարտիրոսյանը պնդեց, որ պաշտպանն ինքը կարող էր ծանոթանալ գործի նյութերին։ Շուրջ մեկուկես ժամ քննարկումից հետո ի վերջո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը: Մնացական Մարտիրոսյանը նրանց գործողությունները որակեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ հայտարարեց 1 ժամ ընդմիջում։

Չալաբյանն էլ դատարանում հանդես եկավ ելույթով։ Նա նշեց, որ այս քրեական գործը ծխածածկույթ է. «Կա կոնկրետ վարչախմբի ղեկավար, անունն էլ Նիկոլ Փաշինյան, որին դուք ժամանակին դատել եք։ Նա իմ ու ընտանիքիս հանդեպ հետապնդում է իրականացնում, եւ բոլոր փաստերն աստիճանաբար հրապարակելու ենք այս դատաքննության ընթացքում։ Այս ծխածածկույթի տակ գործող իրավապահների խումբն էլ ամեն անգամ օրենքը կամայական է մեկնաբանում։ Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա։ Արել են ապօրինի ձայնագրություն, հազար տեղից մոնտաժել։ Ամեն ինչ կախված է երկու վկայից շանտաժով ստացված ցուցմունքից։ Խոշտանգումներով են ստացել` աչքիս առաջ»:

Դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվեց։ Դատավոր Մարտիրոսյանը նշեց՝ եթե Չալաբյանի պաշտպանները նիստին չներկայանան, ապա ինքը պետք է դիմի Հանրային պաշտպանի գրասենյակ՝ նոր պաշտպան տրամադրելու համար։

Չալաբյանն ասաց, որ իր համար հանրային պաշտպան ունենալն անընդունելի է։ Նա կոչ արեց՝ վերականգնել իր պաշտպանների իրավունքը։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց վաղը՝ 16։30-ին։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել՝  ապա կալանավորվել է մայիսի 14-ին՝ ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու նպատակով ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանները պնդում են, որ Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։