Ռուսաստանն իր շահերից ելնելով Արցախում ստանձնել է ինչ-ինչ պարտավորություններ, ակնհայտ է, որ ուկրաինական դեպքերի հետ կապված ինքը չի կարողանում իրականացնել իր պարտավորություններն այն ծավալով, որը կուզենայինք տեսնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը կարողանում է իր պարտավորություններն իրականացնել այնքանով, որ կարողանա իր հարցերը Ուկրաինայում եւ մնացած տեղերում լուծել:
«Ցավոք շատերը չեն ցանկանում հասկանալ, որ քաղաքականության մեջ այնպես չէ, որ ՌԴ-ն կարող են զանգել Բաքու եւ սպառնալ կամ ինչ-որ բան պարտադրել: Այդ ժամանակներն անցել են, ներկայիս Ադրբեջանը 1990-ականների Ադրբեջանը չէ, սա լրիվ ուրիշ պետություն է, որը կարողացել է ստեղծել բավականին մարտունակ բանակ, կարողացել է իրեն շրջապատել բավականին հաջող դաշնակիցները՝ Թուրքիա, Պակիստան, Իսրայել ու Բրիտանիա, եւ ըստ դրա կարողանում է վարել ագրեսիվ քաղաքականություն»,-ասաց Կիվիրյանը:
Հարցին, թե ինչ գործիքակազմ ունի Մոսկվան ընդդեմ Ադրբեջանի, նա պատասխանեց. «Գլոբալ առումով նա ունի երեք ճանապարհ, մեկը դիվանագիտությունն է, երկրորդը ռազմական ճանապարհն է եւ երրորդը հիբրիդային քայլերն են: ՌԴ-ն Ուկրաինայում վարում է պատերազմ, որն իր համար ունի ճակատագրական նշանակություն: Սեղանին է դրված Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Ռուսաստանն Արցախում ունի մոտ 2 հազար խաղաղապահի, Հայաստանում ունի մոտ Գյումրիի ռազմաբազան, որը մոտ 4-5 հազար մարդ է: Դա Ադրբեջանի դեմ ռազմական գործողություն վարելու համար ծիծաղելի թիվ է: Եթե հերթը հասնի կրակոցների եւ կոնֆլիկտի, խաղաղապահի այդ խմբավորումը ժամերի ընթացքում կարող է բնաջնջվել: Անգամ եթե Հայաստանից օգնության գնան ռուսական ռազմաբազայի զինվորները: Եթե Ռուսաստանն ուզում է ռազմական հաջող գործողություն վարել Ադրբեջանի դեմ, պետք է Ադրբեջան մտնի Դաղստանի կողմից: Այսինքն առնվազն 300 հազար մարդ ինքը պետք է Դաղստանից շարժվեն դեպի Արցախ՝ պաշտպանելու իրենց խաղաղապահներին: Ռուսաստանն այսօր չի կարող ուկրաինական ճակատից հանել 100 հազար մարդ, անգամ 10-20 հազար մարդ եւ ուղղել այլ տեղ: Անգամ եթե Ռուսաստանը Դաղստանի ուղղությամբ կուտակի այդքան զինվոր, որ անցնեն հարձակման, մինչեւ դեպքի վայր հասնելը, եւ խաղաղապահները բնաջնջված կլինեն, եւ Արցախի, եւ հավանաբար Սյունիքի բնակչությունը: Քանի դեռ Ուկրաինայում այս վիճակը շարունակվում է, պարզ է, որ Մոսկվան խուսափելու է դիմել կտրուկ գործողությունները»,- հայտարարեց Կիվիրյանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանը կազմակերպել է մի պետական շոու, երբ ուղիղ եթերում ամբողջ օրը ցուցադրում են, թե ինչպես են իրենց այսպես կոչված բնապահպանները ծաղրուծանակի ենթարկում ռուս խաղաղապահներին. «Ոչ մի կայսրություն չի ցանկանա, որ իր խաղաղապահներին նման ձեւով ցուցադրեն»:
Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, Կիվիրյանի խոսքով, Ադրբեջանն իրեն շատ ուժեղ է զգում, հատկապես, որ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանն ընկել է ադրբեջանաթուրքական աշխարհից կախվածության մեջ. «Ադրբեջանը հոյակապ հասկանում է, որ Մոսկվան իրենից կախված է: Իհարկե, ավելի շատ կախված է Թուրքիայից, բայց Թուրքիայից կախվածությունը որոշ չափով տարածվում է նաեւ Ադրբեջանից կախվածության վրա: Իրենք լավ հասկանում են, որ Մոսկվան չի կարող իրենց վրա իրական դիվանագիտական ճնշում գործադրել: Պատկերացրեք, որ Պուտինը զանգում է Ալիեւին, նա կարող է ասել, որ քո պահանջը չեմ կատարում: Հիշեք, որ բավական էր, որ Ֆրանսիայի Սենատն ընդուներ հայտարարություններ, որոնք որեւէ լուրջ հետեւանք չէին թողնելու իրավիճակի վրա, եւ դրանից հետո Ալիեւն ասաց՝ դուք էլ միջնորդ չեք: Հիմա քանի որ Մոսկվան ստանձնել է հայերի ու ադրբեջանցիների միջեւ միջնորդ գործատռույթ, ինքը հասկանում է, որ Բաքուն նույնը կարող է անել իր նկատմամբ: Իր ակտիվացումը կարող է բերել նրան, որ Բաքուն շատ կոշտ ձեւով ասի՝ դուք միջնորդ չեք, եւ չեք կարող իրականացնել խաղաղապահի գործառույթ, հավաքեք ձեր խաղաղապահներին եւ դուրս եկեք այստեղից»,-ընդգծեց վերլուծաբանը:
Նա հավելեց, որ Ռուսաստանին մնում է հիբրիդային քայլերի իրականացումը. «Երբ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո ճանապարհը չբացվեց, միանգամից գնաց ինֆորմացիա, որ ռուսներն արգելել են Բելառուսից ադրբեջանական ֆուռերի մուտքը Ռուսաստան: Դա հենց հիբրիդային մոդել է»:











