Այսօր առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ. վերջերս պարզ եղավ, որ ինքն է հրաման տվել «Եռաբլուրից» բերման ենթարկելու զոհված զինծառայողների ծնողներին: Այս մասին, այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողներից Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը:

«Դեռ սեպտեմբերի 23-ին ես եմ խոսել Խուդինյանի հետ, թեման հետեւյալն էր, թե ով է հրաման տվել: Դոգի քֆուրները մեր խոսակցության մեջ օրհնանք էր, այդ ձեւով շփվում էինք, որ իմանանք, թե  ով է հրաման տվել: Հիմա չենք հասկանում, թե ինչ տարբերակով դարձավ, որ ինքն է տվել հրամանը: Անձամբ ինքը քիչ առաջ դրսում էր, ասաց՝ ես այդպիսի հրման չեմ տվել:  Բայց առերեսման ժամանակ կարմիր բերետավորներից մի 3-4 հոգի ասել են, որ ինքն է տվել հրամանը: Մենք կասկածում ենք, որ այլ անձ  տվել հրամանը, բայց թե ինչու Խուդինյանն իր վրա վերցրեց, ոչ մեկս չենք հասկանում: Կասկածում ենք Նիկոլ աշինյանի անվտանգության պետի վրա, անունը չգիտեմ»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչ ընթացք կունենա գործը, Վիգեն Ազատյանն ասաց. «Չմոռանանք, որ բացի օրենքից կա նաեւ բարոյականություն, որը կարող է գերակշռել, օրենքից ավելի դաժան ու ճիշտ լինի: Այն տականքը, որ կարա հերոսածին մորը ոտուձեռ անի, տանի, դրան ի՞նչ մարդ անվանես, անբարոյական շատ տղերք են: Ես չեմ կարծում, որ Խուդինյանը սրա տակ կմնա, ինքը իմ հետ հավասար քֆուր էր անում այդ հրաման տվողին, ո՞նց կարա տենց բան լինի: Մինչեւ հիմա 5 հոգի առերեսվել է Խուդինյանի հետ, մինչ այդ առերեսումներ էին կարմիր բերետավորների հետ»,-ասաց Ազատյանը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: