Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին Մեծամորի բաժնի գործընկերների հետ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ iրավապահները նախ հայտնաբերեցին ու ձերբակալեցին երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ կային։ Պարզվեց, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք էին բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերվեց նաև շուրջ 4 գրամ մարիխուանա։
Կարճ ժամանակ անց Սարդարապատ գյուղում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Մեծամորի բաժին տեղափոխեցին 62-ամյա մրգաշատցուն և երկու տղամարդու՝ երկուսն էլ 52 տարեկան։ Նրանց մոտ ևս «մեթադոնային լուծույթ» գրառմամբ սպիտակ հեղուկով տարաներ կային։ Քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկեցին 62-ամյա մրգաշատցու մեքենան՝ հայտնաբերելով մեթադոնի լուծույթով սրվակ, իսկ տան խուզարկությամբ՝ տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ։
62-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ։











