Չի եղել այնպիսի զինատեսակ, այդ թվում՝ «Իսկանդերը», որի կարողությունները լիարժեք չիրացվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եղել են զենքեր, որոնց կիառելու թույլտվությունը Հայաստանին վերապահված չէր:

«Հայաստանը մի զենք ուներ, որից օգտվելու իրավունք չուներ, դա սխալներ գործելու զենքն էր, որը օգտագործվեց: Ես չգիտեմ նման տեխնիկա: Ես 1 տարի եղել եմ փոխնախարար եւ ակտիվ շփվել են ԶՈՒ ստորաբաժանումների հետ, իմ վրա է դրված եղել ԶՈՒ արդականացման 7-ամյա ծրագրի մշակման եւ պատրաստման աշխատանքները: Մենք չենք ունեցել այնպիսի զինատեսակ, որը կաշկանդված լինի իր կարողությունները լիարժեք կիրառելու: Եթե նա նկատի ունի «Իսկանդերը», ապա իրեն ուրիշ բան պետք է ասել, որ այդ զենքը նախատեսված էր ռազմավարական նշանակության թիրախները ոչնչացնելու համար, ոչ թե անորոշ թիրախների վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը: