Այդպիսի հարց չկա, մարդիկ են ստեղծել այդ միֆը: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:

«Ես երկրորդ նախագահին կյանքումս մեկ անգամ եմ հանդիպել 2001-ին Սեւանի թերակղզում, ընդամենը 5 րոպե: Եթե ես որեւէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ Արման Թաթոյանի անունը քննարկվում է, նա ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»:

Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: