Չէի ասի, թե ԱՄՆ-ն ուկրաինական հարցում 180° շրջադարձ է կատարել: Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ​​ինստիտուտին առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հռետորաբանությունը փոխվել է, Զելենսկիին սկսել են քննադատել և այլն։ Բայց նուրբ բաներ էլ կան, արդյոք ամերիկացիները դադարե՞լ են Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկություններ և արբանյակային տվյալներ, թե՞ ոչ: Ամերիկացիներն արդեն հե՞տ են վերցրել իրենց սպառազինությունը։ Ինձ համար կարևորը բառերը չեն:

Ռազմատեխնիկական համագործակցության, հետախուզական տվյալների փոխանակման և վերապատրաստման ավարտն ավելի կարևոր է, քան Զելենսկիին «բռնապետ» անվանելը։ Եղան դեպքեր, երբ ամերիկացիները սկսեցին կասկածել Սաուդյան Արաբիայի սկզբունքների դեմոկրատական ​​բնույթին, սակայն դա չփոխեց Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ փոխգործակցության ռազմավարական բնույթը։

Թրամփի խորհրդականները երբեմն այնպիսի մեկնաբանություններ են անում, ըստ որի, եթե Ռուսաստանը համառի, մենք նրա հետ կոշտ լեզվով կխոսենք։ Եթե ​​նրանք որոշեն քաղաքականապես հեռացնել Զելենսկին և նրան փոխարինելու գան Զալուժնին կամ Բուդանովը, արդյո՞ք այդ մարդիկ Մոսկվայի հետ կոնսենսուսի հասնելու մեծ կողմնակիցներ են։ Պարտադիր չէ։ Ուստի կարևոր է չափազանցված ակնկալիքներ չձևավորել։ «Այն, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը սկսել են խոսել կարգավորման մասին, հիանալի է, բայց շատ խնդիրներ դեռևս մնում են»,- հավելել է Մարկեդոնովը։

Նա նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը դեռ կայուն խաղաղություն չի նշանակում։

«Պուտինի խոսքերում ճշմարտություն կա առճակատման պատճառների և նախադրյալների կարգավորման կարևորության մասին։ Այլ հարց է, որ Պուտինը, Զելենսկին, Թրամփը և ֆրանսիական կամ գերմանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները տարբեր կերպ են կառուցում այս պատճառներն ու նախադրյալները, և դա նույնպես պետք է խոսակցության առարկա լինի։

Ռազմական գործողությունների սառեցում կարող է տեղի ունենալ: Բայց դա կապահովի՞ խնդրի լուծմանը։ Ինչո՞ւ է Մոսկվան ասում, որ սառեցումն անընդունելի է։ Որովհետև կա մինսկյան պայմանավորվածությունների փորձ։ Լուծման բացակայությունը հանգեցրեց նրան, որ խնդիրները կուտակվեցին, և կատարվեց այն, ինչ կատարվեց: Մոսկվան հավանաբար կհեռանա որոշ մաքսիմալիստական ​​պահանջներից, սակայն Մոսկվայի համար հիմնական սպառնալիքը ՆԱՏՕ-ի անվերահսկելի ընդլայնումն է։ «Ռուսաստանի սրտով չէ նաև առանց Մոսկվայի մասնակցության անվտանգության բացառիկ մոդելի ստեղծումը»,- ընդգծել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը շատ ավելի լայն է, քան հատուկ ռազմական գործողությունը։

«2022 թվականը վակուումից չառաջացավ, չէ՞: Շատ նախադրյալներ կային: Չէ՞որ մինչև 2022 թվականը Դոնբասում հակամարտություն կար: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2022 թվականը այնտեղ 15 հազար մարդ է զոհվել։ Դա հենց այնպես, առանց պատճառի չի առաջացել, այդ թվում նրա պատճառով, ինչպիսին է հետխորհրդային Ուկրաինայի կողմից իր ազգային նախագծի իրականացումը, որը հիմնականում կառուցված էր Ռուսաստանին իրենից վանելու վրա: Դա հանգեցրեց նրան, որ երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում էին ճգնաժամային երևույթներ, որոնք տեղի ունեցան ոչ թե 2014 թվականին, այլ շատ ավելի վաղ։ Կարելի է հիշել նաև Սևծովյան նավատորմի բաժանումը, գազային սկանդալները և լեզվական քաղաքականությանն առնչվող սկանդալները։ Կարելի է հիշել առաջին և երկրորդ մայդանները և այլդպես շարունակ։ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրները ինչ-որ կերպ կլուծվեին, բայց քանի որ Ուկրաինան նպատակ էր իրենից վանել Ռուսաստանը, դա նաև որոշակի արտաքին քաղաքականություն էր ենթադրում։ Այստեղ Ուկրաինան, ձեռնամուխ լինելով Ռուսաստանից հեռանալու ուղուն՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համատեքստում Արևմուտքի հետ միասին շատ ուժեղ կոնֆլիկտային տարրեր է ձևավորել։

Այս բոլոր տարբեր կոնֆլիկտային դաշտերը միավորվեցին մեկ կետում, և հատուկ ռազմական գործողությունն այս հակամարտությունը տեղափոխեց որակապես նոր մակարդակ: Այս առումով ես որոշակի թերահավատությամբ եմ վերաբերվում այն ​​փաստին, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շատ արագ կկարգավորեն ամեն ինչ։

Թրամփն այժմ ունի քարտ բլանշ, բայց այս քարտ բլանշը հավերժ չի լինի։ Աշնանը Կոնգրեսի ընտրություններ են լինելու, որոնք ցույց կտան, թե հանրապետականները որքանով կկարողանան վերահսկողություն պահպանել երկու պալատների նկատմամբ, ինչից էլ կախված  կլինի ամերիկյան քաղաքականության համաձայնեցվածությունը։ Ամերիկյան քաղաքականության մեջ ոչ բոլորն են պատրաստ փոխգործակցություն սկսել Ռուսաստանի հետ:

Ես կասկածի տակ կառնեի, որ որևէ պայմանավորվածություն անշրջելի բնույթ կունենա։ Հակամարտության պատճառներից մեկը ՆԱՏՕ-ում կամ ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի կարգավիճակն է։ Այդ դաշինքում բացի ԱՄՆ-ից այլ անդամներ կան։ Թուրքիան հայտարարել է, որ դեմ չի լինի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը»,- եզրափակել է քաղաքագետը։