Ռուսաստանը 1990-ականներից փորձում է աշխարհին ցույց տալ, թե մտահոգված է անվտանգության հարցերով, և որ դա իր համար կարևոր է։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է պահանջներ ներկայացնել Ռուսաստանի անվտանգության համակարգի առնչությամբ, Մոսկվան կշարունակի կասկածի տակ դնել ցանկացած պայմանավորվածություն։ Քանի դեռ այս հարցը, Ռուսաստանի պատկերացմամբ, չլուծվի այնպես, որ ապահովի իր անվտանգությունը, ինչպես նաև աշխարհակարգում կհաստատի իր դերն ու կշիռը, Ռուսաստանը կշարունակի անել այն, ինչ անում է»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ եթե ստատուս քվոն ամրագրվի ներկայիս տեսքով, և Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցվեն, դա ժամանակավոր լուծում կլինի, իսկ Ռուսաստանի համար պյուռոսյան հաղթանակ կդառնա։
«Խնդիրը նաև այն է, թե կողմերը ինչպես կկարողանան օգտվել հնարավոր ռազմավարական դադարից։ Ռուսաստանը, որի տնտեսությունը շատ վատ վիճակում է, կձգտի վերականգնել իր իմիջն ամբողջ աշխարհում, և դրա համար լրջագույն ջանքեր պետք է գործադրի»,- հավելել է Տեր-Մաթևոսյանը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ Ռուսաստանի պայքարը հանգեցրեց նրան, որ Շվեդիան ու Ֆինլանդիան դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Ըստ փորձագետի՝ եթե Ռուսաստանը համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը, նա կրկին իրեն անհարմար դրության մեջ կդնի։
«Ուկրաինայում ցանկացած խաղաղապահների տեղակայումը պարտություն կդառնա Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ-ն ի սկզբանե նման սցենար չէր նախատեսել։ Ընդ որում, Մոսկվան դա որպես հաղթանակ կներկայացնի, ինչպես նաև՝ դաս այն երկրների համար, որոնք կփորձեն ձեռնոց նետել իրեն»,- նշել է թուրքագետը։
Տեր-Մաթևոսյանը կարծում է, որ Ռուսաստանը անմրցունակ անվտանգության համակարգ է ստեղծել և շարունակում է այն արդյունավետ համարել։
«Մեկ խնդիր լուծելու փորձը հանգեցնում է նոր անկառավարելի խնդիրների։ Թերևս նրա սահմաններից ոչ հեռու կգտնվեն զորքեր, որոնք չեն արդարացնի նույնիսկ Ռուսաստանի ամենավատ սպասումները։ Մինչդեռ Արևմուտքը հասկացել է, որ ավելի հեշտ է Ռուսաստանի հետ աշխատել, երբ նրա ռեսուրսները փոշիացված են, քան երբ հակամարտություններ չկան»,- եզրափակել է նա։











