Այսօրվա խորհուրդը շատ կարևոր է, ֆունդամենտալ է և կարելի է ասել, որ ժամանակի մեջ անանցանելի է այդ խորհուրդը. Առաջին Հանրապետությունը ստեղծվել է ճակատագրական, օրհասական օրերին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։

«Տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, Օսմանյան զորքերը երեք ամսում գրավել էին ամբողջ արևմտյան Հայաստանը, ռուսական զորքերի դուրս գալուց հետո, ներխուժել էին արևելյան Հայաստան և ըստ էության նպատակադրվել էին մինչև վերջ հասցնել հայ ժողովրդի բնաջնջման իրենց հրեշավոր ծրագիրը։

Եթե այդ ճակատամարտերում հայերը պարտվեին, վերջին մեր ամրոցը՝ Երևանը ,ընկնելու էր շրջապատման մեջ, և մենք չգիտենք, թե մենք այսօր այստեղ կանգնած կլինեինք ընդհանրապես, թե չէ, ընդհանրապես Հայաստան կլիներ քարտեզի վրա, թե չէ։ Սա իսկապես ճակատագրական պահ էր, և մեր ժողովրդի բոլոր հատվածները այդ օրը կարողացան միավորվել։ Այդ օրը կռվել են և կանոնավոր ստորաբաժանումները հայկական նորաստեղծ բանակի, և կամավորները արևմտյան Հայաստանից և Արցախից եկած, և տեղական աշխարհազորը։ Մասնավորապես ապարանցիները 3.5-4 հազար աշխարհազորային են տվել։ Դա իրական համախմբման օրինակ էր։

Երկրորդ կարևոր խորհուրդն այն է, որ այս հողը կռվով և արյունով է պաշտպանվել։ Երբ խոսում են նրա մասին, որ այս իրական Հայաստանն է, որ այս 29 743 քառակուսի կիլոմետր է և այլն, եկեք հիշենք այդ 29 7403–ն էլ կռվով է պաշտպանվել։

Անընդհատ մեր ժողովրդի գլուխը մտցնել, որ կռվելը վատ է, կռվելը վատ է, մեր ժողովուրդը պետք է հիշի, իր այսօրվա ապրելու իրավունքը, իր անկախությունը, իր ազատությունը, ինքը կռվելով է հենց նվաճել։ Աստված չանի, իհարկե, եթե նոր կռիվ լինի, մեր ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի դիմագրավել թշնամուն։

Եվ երրորդ խորհուրդը, որի մասին ես կուզենայի ասել. այդ երեք ճակատամարտերը՝ Բաշ Ապարանը, Սարդարապատը և Ղարաքիլիսան, կռվել են իսկապես գերակշիռ թուրքական զորքի դիմաց։ Բանակի հրամանատարությունը, ի դեմս Թովմաս Նազարբեկյանի, պատրաստ էր հանձնվել, բայց այդ պահին առաջ են եկել մարդիկ, ինչպիսիք են լեյտենանտ Գարեգին Նժդեհը, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը, եզդի առաջնորդ Ջահանգիր Աղան, ապարանցի Սեդրակ Ջալալյանը, մարդիկ, որոնք նույնիսկ ռազմական բարձր ղեկավարություն չեն եղել և ասել են՝ ոչ, այստեղ որոշվում է հայ ազգի ճակատագիրը, և մենք չենք նահանջելու։ Ուստի այսօր մենք պետք է մեր գլուխը խոնարհենք այդ հերոսների, սխրանքի առաջ, նրա առաջ, որ իրենք հրամանին չեն ենթարկվել, բայց հրամանին չենթարկվելով փրկել են մեր ազգը, մեզ բոլորից տվել են ապրելու իրավունք։ Կեցցեն այդ հերոսները և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,– հայտարարեց Չալաբյանը։