Երկրի երկրորդ դեմքըը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահն արդարացնում է Ադրբեջանի պահանջները Հայաստանից, իսկ Բաքուն, ցավոք, վաղը կարող է անդրադառնալ այս պաշտոնյայի հայտարարությանը եւ օրինականացնել նրա պահանջները, այդ թվում՝ միջազգային խոշոր խաղացողների աչքում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է պատմաբան Միքայել Մալխասյանը։

Նա նշել է, որ դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հայելային չեն կարող անվանվել։ Մալխասյանը հիշեցրել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ոչ միայն բնիկ էին, այլ նաեւ խորհրդային տարիներին ունեին ինքնավար մարզի կարգավիճակ եւ դե ֆակտո պետություն ունեին մինչեւ Ադրբեջանի օկուպացիոն գործողությունները։ Պատմաբանը բացատրել է, որ հենց պետականության փաստացի կարգավիճակն է նրանց թույլ տվել սկսել Ղարաբաղյան շարժումը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու նպատակով։

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչությունը երեք անգամ ավելի շատ է եղել, քան Հայկական ԽՍՀ ադրբեջանական բնակչությունը։ «Եթե խոսենք հայելայինի մասին՝ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ խոսակցությունների ֆոնին, ապա հայելայինը կլինի հայերին Ադրբեջան վերադարձնելու Հայաստանի պահանջը, բայց դա անհնար է նաեւ այն պատճառով, որ Բաքուն չի համաձայնի դրան»,- պարզաբանել է մասնագետը։

Պատմաբանն ընդգծել է, որ Խորհրդային Ադրբեջանից փախած հայերը հնարավորություն չեն ունեցել տնօրինել իրենց ունեցվածքը՝ ի տարբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների։

«Ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հակամարտության միայն մի մասն է, որը կրում է ազգամիջյան բնույթ, եւ նման հակամարտությունները լուծվում են շատ դժվար եւ, իհարկե, ոչ միայն թղթով»,- նշել է պատմաբանը՝ վստահություն հայտնելով, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի ներկայացուցիչներն ասում են, որ ընտրում են խորհրդարանի նոր նախագահի, իսկ Ադրբեջանի նախագահն ասում է, որ հիմնելու է «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն՝ հայելային է պատասխանում։