Ադրբեջանի համար մեծ հաշվով նոր իրավիճակ է ստեղծվել, ադրբեջանական կողմն ուզում է փնտրել, գտնել մի հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ասելու իր ժողովրդին, եթե Հայաստանի հետ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, որովհետև այդ պետությունը ստեղծվել է, բառիս բուն իմաստով, Հայաստանի ու հայկականության վրա ատելությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրչջանում հնչող կրակոցներին։
«Այդ ատելությամբ է Ալիևը պահել իր իշխանությունը, և որոշակի մոբիլիզացիայի ենթարկել ազգը։ Հիմա, երբ ստորագրում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, ստացվում է, որ դա մեսիջ է, ազդակ իր բնակչությանը, որ Հայաստանը մեզայլևս թշնամի չէ։ Բա էդ դեպքում այդ տիպի իշխանությունների համար պետք է մի այլ թշնամի, մի այլ թշնամու կերպար, որի շուրջ պետք է համախմբի կամ որի օգնությամբ ճնշի հավանական ընդդիմադիր խմբավորումների ակտիվացումը։ Ադրբեջանը այս խնդիրն է հիմա փորձելու լուծել և մինչև կողմնորոշվի, թե ինչ բանաձևով պետք է աշխատի իր ժողովրդի հետ»,–ասաց նա։
Գեղամ Նազարյանը համոզմունք հայտնեց, որ լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինելու. «Այդ մասին գիտեն բոլորը, բայց նաև էս կրակոցներով Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանյան հանրությունը էմոցիոնալ է, բավական հեռու դիվանագիտությունից, և շատ ներողություն, ամենահասարակ քթածակությունից, որովհետև բոլորս վերցնում ենք մեր անձնական թիմային շահը, մի կողմ դնելով պետական շահը, որից լավ օգտվում է Ադրբեջանը։
Օրինակ, երբ կրակում են, դա միայն չի վտանգում Խոզնավար գյուղի բնակչի կյանքը, կրակոցների մասին հրապարակումները, չակերտավոր փորձագետները այս ու այն ալիքով անդադար խոսում են որ եթե ոչ այսօր, մի երկու շաբաթից պատերազմը սկսելու է, Լավրովը գալիս է Հայաստան, ասում են՝ Լավրովը եկավ, ասի, որ հեսա շուտով մեծ պատերազմ է սկսում։ Սրանով մենք ընդամենը նպաստում ենք, որ Հայաստանը մեծացնի արտագաղթի ծավալները, որովհետև բնակչության 95%-ը, ինքը ոչ ֆեյսբուքում է ակտիվ, ոչ հասարակական կյանքում, ինքը ուղղակի լսում է, հետևում է և որոշումներ է կայացնում, կամ գնում է թղթեր է հանում հիվանդության, կամ երեխաների համար այլ քաղաքացիություն է հանում, կամ էլ ընտանիքով իրոք թողնում, գնում են հայրենիքից։ Այնպես որ Ադրբեջանը ոչ մի բան հենց այնպես չի անում, իրենց մոտ ամեն ինչ մտածված է, ամեն ինչ շատ լավ հաշվարկված է։ Իսկ այ մեզ մոտ է, որ ոչ մի բան ոչ հաշվարկված է, ոչ էլ մտածված»,–ասաց նա։
Հարցին, թե արդյոք մարդկանց զգոնությունը չի կորում, երբ մենք շարունակ պնդում ենք, որ թեեւ կրակում են, բայց մենք գնում ենք խաղաղության, պատգամավորը պատասխանեց. «Զգոնությունը մարդկանց կորի–չկորի, դա կարևոր չի, կարևորը պետության զգոնությունը չկորի։ Այսինքն այն ստորաբաժանումների, որոնց գործառույթն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Ենթադրենք, X գյուղի բնակչին անդադար ասում եք, որ Ադրբեջանը զինվում է և այլն, և այլն, էդ բնակիչը ի՞նչ պիտի անի, հակահրթիռային համակարգե՞ր է ձեռք բերելու, նոր զենքե՞ր է ձեռք բերելու, ի՞նչ է անելու էդ մարդը։ Ընդամենը վախենալու է, տագնապելու է, գյուղատնտեսական աշխատանքով չի զբաղվելու, ասելու է՝ դե հլը տեսնենք ինչ է լինելու։ Ու այսպես 30 տարի, որովհետև այս վիճակը կարող է 30 տարի շարունակվել։ Մենք սա որպես ազգ-պետություն պիտի հաշվի առնենք, որ ունենք այսպիսի հարևան, որի հետ ապրելու բանաձևը պետք է գտնենք, իրենք այդպիսին են»։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իշխանությունը գոնե զգոն է, Գեղամ Նազարյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել իշխող ուժին կամ պաշտոնյաներին. «Իմ գործն է կառավարությանը և իշխող խմբակցությանը անդադար հուշեմ, պահանջեմ, որ իրենք լինեն զգոն։ Իսկ թե ինչքանով են զգոն, ես կուզեմ, որ շատ զգոն լինեն։ Միամտություն կլինի, եթե մենք ասենք, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է արվում, ոչ մի սխալ չի արվում, չէ, պետք է անդադար քննադատել կառավարությանը, անդադար պահանջել, որ և բանակը լինի ավելի լավը, և մյուս բոլոր համակարգերը, որոնք պետք է մեր երկրի անվտանգությամբ զբաղվեն»։











