Փաստացի, մենք ունենք երկու իրականություն. 2021–ի նոյեմբերի 26-ին ստեղծվեց ՀՀ–ի և Ադրբեջանի կառավարությունների միջև սահմանազատման հանձնաժողով, բայց ստացվում է, որ դրան զուգահեռ կա մի այլ ստվերային, հասարակությանը ոչ հայտնի հանձնաժողով, որը ինչ-ինչ պատճառներով և հիմնավորումներով կարողանում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ հատվածներում ամրապնդել իր դիրքերը։ Այս մասին այսօր՝ մարտի 12–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը։
Ակցիան կազմակերպել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ Նրանք Կառավարությանը կփոխանցեն հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։
«Այդ մասին ՀՀ կառավարությունը ի սկզբանե նախընտրում էր լռել, իսկ հիմա, երբ պարոն Թաթոյանի կողմից այս բացահայտումները արվեցին, իրենք հերքում են։
Եթե ՀՀ կառավարությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում առաջխաղացումները, ինժեներական կահավորումները, բնականաբար, մեզ մոտ ստեղծվում է տպավորություն և ենթադրություն, որ կա ինչ-ինչ պայմանավորվածություն, որի շրջանակներում այդ առաջխաղացումը տեղի է ունենում։
Այս բացահայտումների շրջանակներում բազմաթիվ լրատվական գործակալություններ, կազմակերպություններ, լրացուցիչ փորձաքննություն իրականացրեցին և հավաստեցին, որ այդ ամենը կեղծ չէ»,–ասաց նա։
Սավգուլյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի համար այսօր գոյություն ունի մեկ օրակարգ՝ վերընտրման, ինքնաարտադրման օրակարգ. «Այդ օրակարգը փաթեթավորված է խաղաղության կարգախոսներով։ Երբ ընդդիմությունը բարձրաձայնում է հնարավոր վտանգների և անվտանգության հիմնախնդիրների մասին, իշխանությունները հակադարձում են, որ ընդդիմությունը ռևանշիստ է, որ ընդդիմությունը ցանկանում է պատերազմ։ Քավ լիցի, ոչ մի երկրում ոչ մի ադեկվատ ընդդիմություն պատերազմ չի ցանկանում, մենք այս բացահայտումների շրջանակներում կոչ ենք անում, որպեսզի իշխանությունները ազնիվ լինեն, թափանցիկ լինեն, և այն անդունդը, որը գոյություն ունի հիմա ժողովրդի և իշխանության միջև, կարողանան հստակ արժևորել, հասկանալ, որ իրենք այլևս չեն վայելում համաժողովրդական վստահություն, և 2021 թվականին այն ընտրազանգվածը, որը այս իշխանության տվել է վստահության քվե, այդ վստահության քվեն չի տվել, որ Հայաստանի սուվերեն տարածքից 20 000 հեկտար լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա մոտավորապես համահավասար է Երևանի տարածքին։ Այսօր դա գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։
Այն թմբկահարումները, որ իշխանությունը ասում է, որ մենք ունենք խաղաղություն, եթե սահմաններին մենք հրանոթների ձայները չենք լսում, դա չի նշանակում որ մենք խաղաղություն ունենք։ Հայաստանն այսօր գտնվում է հիբրիդային պատերազմի թիրախում, և դա արտահայտվում է իշխանությունների կողմից, եկեղեցու դեմ, պատմության դեմ, մեր ազգային ինքնության, մեր արժանապատվության դեմ տարվող պայքարում։ Այսօր ադրբեջանական զինուժը տաք պատերազմ չի վարում Հայաստանի Հանրապետության դեմ, հո հիմար չի, ինչ ուզում՝ ստանում է»,– հայտարարեց պատմաբանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ 2025–ի ամռանը Ադրբեջանի կողմից նոր ներխուժումներ են եղել ՀՀ տարածք և նոր դիրքեր են կառուցել՝ ներկայացնելով քարտեզներ։
ՊՆ–ն հերքել է այս տեղեկատվությունը։











