News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի հետ:

Արամ Մանուկյան` մարդ...

Պարզ, հասարակ:

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Գալիս եմ բնությունից, գնում եմ անհայտություն:

Ձեր մանկությունը:

Անտառներում, գետերում, սարերում վազվզող, ես մեծացել եմ բնության գրկում, եւ իմ կենագրության վրա Լոռվա բնաշխարհը շատ լուրջ հետք է թողել:

Ինչպիսի՞ն եք տանը, աշխատավայրում եւ ընկերների հետ:

Նույնը՝ անմիջական եւ պարզ:

Կյանքի եւ մահվան հանդեպ ձեր վերաբերմունքը:

Փիլիսոփայական, անտարբեր:

Մենախոսություն ձեր եւ ձեր միջեւ:

Շատ ավելի հաճախ է լինում, քան իմ եւ ուրիշների միջեւ:

Ինչպե՞ս ապրել, որ ճիշտ ապրել:

Ենթարկվել խղճին եւ այդ դեպքում ճիշտ կապրես:

Որտե՞ղ կցանկանայիք ապրել:

Փոքրիկ Իշխանի երկրում:

Տարբեր պաշտոններ եք զբաղեցրել: Ո՞րն էր ձեզ համար ամենաբարձր պաշտոնը:

Ամենաբարձր պաշտոնը մանկավարժինն է: Ես բնույթով մանկավարժ եմ, գիտեմ մարդկանց հետ շփվելու գաղտնիքները, դա ինձ հիմա էլ է օգնում: Մանկավարժությունը ինձ համար սերտ կապված է բնության հետ, միշտ փորձել եմ համատեղել բնությունը մանկավարժության հետ:

Երբ մանկավարժ էիք, շփվում էիք երեխաների հետ, այժմ շփվում եք պատգամավորների հետ: Ի՞նչ տարբերություն երեխաների եւ պատգամավորների միջեւ:

Երեխաները անարատ են, պատգամավորները՝ կեղտոտված են: Նույնիսկ հիմա զարմանում են, թե որոշ պատգամավորներ ո՞նց կարող էին երեխա լինել:

Երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Ինձ համար զգացմունքների սուր դրսեւորումները գոյություն չունի: Ես չգիտեմ, թե ինչ է երջանկությունը:

Ամենաշատը ձեր մեջ ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում:

Սիրում եմ, որ հասարակ եմ, մարդամոտ եմ, շփվող եմ: Չեմ սիրում, որ շատ հեշտ հավատում եմ բոլորին:

Թուլություններ եւ թերություններ, առավելություններ եւ առանձնահատկություններ:

Թուլություններս եւ թերություններս դրանք իմ առավելություններն ու առանձնահատկություններն են: Դրանք են անմիջականությունը, բոլորին հավատալը եւ վստահելը:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Չունեմ կամ չեմ տեսնում:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենից շատ մեղադրում:

Մեծ հաշվով՝ չեմ մեղադրում, որովհետեւ եթե նորից ապրեի, կապրեի նույն ձեւով:

Ստացվում է, որ մեր պատգամավորները սրբերի շարքում դասված Գրիգոր Նարեկացուց էլ սուրբ են: Դուք մեղք չե՞ք գործել:

Եթե գործել էլ եմ, չեմ ասի:

Կարգախոս, ինչո՞վ եք առաջնորդվում կյանքում:

Չունեմ, իմ ներքին մղումներն են ինձ առաջնորդում: Դրանք հիմնված են բարոյականության եւ խղճի վրա:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Հոգնում եմ, երբ ինձ չեն հասկանում, օգնում եմ, ում որ կարող եմ: Դրանից ես հաճույք եմ ստանում:

Ե՞րբ եք լռում:

Երբ դիմացինս չի հասկանում կամ դիմացինս ինձնից խելոք է:

Ո՞վ է ձեզնից խելոք:

Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ ինձնից խելոք են, որոնց հետ շփվելը ինձ բավականություն է պատճառում, օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյան, Հրանտ Մաթեւոսյան, Վանո Սիրադեղյան եւ այլք:

Ի՞նչը կարող է ձեզ ուրախացնել եւ տխրեցնել:

Ցանկացած փոքր հաջողություն իմ եւ ընկերներիս ինձ ուրախացնում է: Ցանկացած փոքր միջադեպ կարող է ինձ տխրեցնել:

Ինչի՞ համար եք զղջում:

Որ չարչարանքներս, պայքարս վերջնական կամ շոշափելի արդյունքի չի հասցնում:

Իսկ ինչի՞ չի հասցնում:

Ցավոք, այդ ամենը կախված չէ միայն իմ ցանկությունից: Կամ էլ գուցե շատ չեմ ցանկանում:

Ո՞ւմ կամ ի՞նչ եք սիրում եւ ատում:

Ատել չունեմ, ատելը ինձ համար ինքնաքայքայում է, ատելը վնասում է ատողին, քան ում ատում ես: Նույնը սիրո դեպքում է, սերը ավելի շատ քեզ է ուժեղացնում, քան նույնիսկ այն մարդուն, ում սիրում ես:

Ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել:

Հիասթափվել եմ այն ընկերներից, որոնք իմ կողքին չեն:

Իսկ ինչի՞ են նրանք հեռացել, գուցե դո՞ւք եք մեղավոր:

Հոգնել են, կամ չեն հավատացել, գուցե լավատեսությո՞ւնն է պակասել:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Ընկերոջ դավաճանությունը:

Շա՞տ են ձեզ դավաճանել:

Բավականին:

Իսկ դո՞ւք:

Ես` երբեք, դա իմ առավելությունն է: Ես քսանհինգ տարի է՝ քաղաքականության մեջ եմ, ոչ փոխել եմ գաղափարներս, ոչ շրջապատս, ոչ սկզբունքներս: իմ գործունեության առումով ոչինչ իմ մոտ չի փոխվել:

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Ինձ միշտ զարմացնում է բնությունը, եւ զայրացնում մարդու բնությունից հեռանալը, ասֆալտայնացումը:

Զայրութը ինչպե՞ս եք արտահայտում:

Ինքնատիրապետումը ամենաճիշտն է:

Ի՞նչ կցանկանայիք ունենալ, որ չունեք:

Չկա այդպիսի բան, ես ինչ էլ ցանկանայի, կունենայի, երբեք ունենալու ցանկությունը ինձ չի տիրել:

Ամենաթանկարժեք իրը, որ ունեք եւ արժեք (հեռսխոս, մեքենա, բնակարան,, հուշանվեր եւ այլն)

Հարցը շատ նյութական է, ինձ չհետաքրքրող:

Հպարտությունը:

Որ հայ եմ, հայաստանցի եւ ակտիվ քաղաքացի:

Իսկ ովքե՞ր են ոչ հայաստանցիները, օրինակ՝ ղարաբաղացիները հայաստանցի չե՞ն:

Ինձ համար մարդը շատ ավելի բարձր արժեք է, քան ազգությունը, կրոնը կամ որեւէ երկրի քաղաքացի լինելը: Ես հումանիստ եմ: Ղարաբաղցիների նկատմամբ որեւէ բան չունեմ:

Հոգսեր:

Լիքը, դրանց մասին չարժե խոսել:

Պարտականություններ:

Փառք Աստծո, շատ:

Անպատասխանատու արարք կամ հայտարարություն:

Աշխատում եմ քիչ, բայց լրիվ խուսափել անհնար է:

Մոլախաղերում ամենաշատը ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Ափսոսում եմ, երբեք չեմ փորձել, այդ զգացողությունը չեմ ապրել:

Ամենառոմանտիկ օրը:

Կասեի՝ ամենասիրելի, պատմական օրը, անկախության հռչակագրի օրը:

Ամենախենթ քայլերը:

Փառք աստծո, շատ են, միշտ սիրել եմ խենթություններ: Օրինակ` ինձ համար բացարձակ խնդիր չէ թեկուզ մարդաշատ վայրերում շորերով թռչել ջրավազան:

Ընտանիքը:

Իմ հենարանը: Երեխաներս` համախոհներ եւ ընդդիմախոսներ, կինս՝ լրջագույն օպոզիցիա:

Երեխաներ:

Երկու երեխաներս ունեն մեկ առավելություն, դաստիարակվել են լրիվ ազատ, իմ միակ խնդիրը եղել է ազատ դաստիրակելը, դա նշանակում է ընդհանրապես չդաստիրակել: Ունեմ անկախ, ակտիվ երկու քաղաքացիներ: Իրենք իրենց մոտեցումներում ավելի համարձակ են, ռադիկալ, ես հիմա ավելի պահպանողական եմ, զուսպ, այդ հողի վրա մենք երբեմն ունենում ենք քաղաքական տարաձայնություններ:Բայց իրար դիրքորոշումներ ընդունում ենք այնպես, ինչպես կան:

Կանայք: Կսահմանեիք` ո՞վ է կինը:

Ամենադժվար հարցն է: Լավագույն ընկեր, կանայք թեմա են՝ անընդհատ ստեղծագործելու եւ մտածելու համար:

Անցած սերեր:

Սովորաբար, լուրջ տղամարդիկ այս հարցին չեն պատասխանի:

Ինչի՞, կանայք կարդո՞ւմ են այս հարցազրույցները:

Այն, ինչը մի հոգու է, չի կարելի հանրայնացնել:

Ձեր ընտրյալը` կինը, ինչպես եք հանդիպել նրան:

Մարդ, որին հավատում ես եւ վստահում: Աստծո կամոք հանդիպել եմ:

Ի՞նչ խենթ քայլե՞ր եք արել նրա համար, ինչպե՞ս եք համոզել, որ ամուսնա ձեզ հետ:

Համոզելու խնդիր չի եղել,մնացածը չեմ ասի:

Առաջին սիրո խոստովանությունը:

Սերը խոստովանության կարիք չունի եւ խոսքով չի արտահայտում:

-Այսինքն, դարերից եկող «ես քեզ սիրում եմ»-ը լրիվ անիմա՞ստ է:

Իհարկե, կինոնների մեջ ինձ համար ամենատհաճ պահը դա է, երբ սեր են խոստովանում միմյանց:

-Ինչի՞ մասին եք այս պահին մտածում:

Կիրակի օրը ծառ ու թփին հասնելու մասին:

Խոհանոցում ի՞նչ հմտություններ ունեք եւ որքանով եք կիրառում:

Ուտելու մեծ վարպետ եմ, ոչ պատրաստելու, կինս այդ գործը ինձնից լավ է անում:

Խմիչքի հետ «ո՞նց եք»:

Հաճելի ընկերներ ենք, հաճախ բարեւում ենք իրար:

Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք նրանից:

Կասեի` իջի ջրի հատակը:

Լինում է, չի լինում

Մի համեստ տղա՝ անունը Արամ:

Երկնքից երեք խնձոր է ընկնում:

Կբաժանեի հազարավոր մասերի, ինչպես ժամանակին մի հոգի ձուկն էր բաժանում:

Ի՞նչ կցանկանայիք ավելացնել ձեր մասին կամ հարցնել ինքներդ ձեզ:

Դու գո՞հ ես քեզնից: Պատասխանը՝ դժգոհ չեմ:

Այժմ ձեր  հարցը շարքին մասնկացող հաջորդ պատգամավորին:

Պատգամավորական գործունեության համար մածուն կուզե՞ք:

Նշենք, որ Արամ Մանուկյանը մասնագիտությամբ ֆիզիկոս, է, մանկավարժ: Աշխատել է որպես մանկավարժ, ճարտարագետ, Մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, պատգամավոր է ընտրվել դեռեւս 1990թ: ՀՀՇ վարչության նախագահն է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ ՎարդապետյանիՍամվել Նիկոյանի, ՕԵԿ-ից` Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից` Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե ԷնֆիաջյանիՆաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան ԲաբայանիԱրմեն Ավետիսյանի, Միքայել Մելքումյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի,Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ ՄինասյանիԱղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանիհետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ