News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել են Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ։

Ո՞վ է Արթուր Գեւորգյանը։

Հայ, լավ զավակ, ընտանիքի լավ հայր եւ օրինապաշտ քաղաքացի:

Որո՞նք եք համարում ձեր բնավորության ամենալավ եւ վատ գծերը:

Համբերատար լինելը առավելություն է, իսկ էմոցիոնալ լինելը անընդունելի է քաղաքականության մեջ։

Ի՞նչ թուլություններ եւ թերություններ ունեք:

Թերությունս այն է, որ դեռ պատանի տարիքից ծույլ եմ, առավելությունս՝ տաղանդավոր։

Ինչպիսի համեստություն։

Իմ մարզիչներն ու ուսուցիչները հաճախ են ինձ ասել, դա իմ մեջ տպավորվել է: Ինձ հավատացրել են, որ ես տաղանադավոր եմ եւ քիչ աշխատասեր։

Ինչպիսի՞ն կցանկանայիք լինել, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Ավելի աշխատասեր կլինեի։

Ծուլությունը մինչեւ հիմա պահպանվե՞լ է։

Տաղանդավոր լինելը բերում է ծուլության, երբ մի բան քեզ հեշտ հասանելի է դառնում, այդտեղ զիջում է աշխատասիրությունը: Իսկ իմ սպորտային հաջողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ունեցանք այնպիսի սպորտային մարզիչ, որը ինձ բերեց կարգապահության եւ աշխատասիրության։

Մի հետաքրքրիր դրվագ կհիշեք ձեր ուսանողության տարիներից:

Հիմնականում մասնակցել եմ միայն քննություններին եւ զարմացրել եմ ինձ դասավանդողներին: Թերահավատություն կար լավագույն մարզիկների նկատմամբ, թե իրենք որքանով պատրաստ կլինեն քննությանը, միշտ ընդունված էր, որ լավ մարզիկին պետք է զիջեն, իսկ դա ինձ վիրավորել է: Ես թույլ չեմ տվել, որ ինձ զիջեն: Ուսանողական տարիներին ընկերներս հաճախ ինձ խնդրում էին, որ իրենց ընկերուհիների համար ֆիզիկական կուլտուրայի քննությունները ստանայի, կար մի դասախոս, որը քննությունը չէր դնում, եթե դասերին չէին մասնակցել, բացակայել էին, այն ժամանակ լավագույն սպորտսմենների մեջ էի, հարգում էին, ընդունում էին խոսքս: Այդպես մի 5 աղջկա քննություն եմ ստացել, շատ դեպքեր չեն եղել:

Ի՞նչ է քաղաքականությունը։

Ինչպես ասել է Նապոլեոն Բոնապարտը, քաղաքականությունը մարմինն է, որը չունի սիրտ, ունի միայն գլուխ:

Պատգամավորական մանդատը ի՞նչ փոխեց ձեր կյանքում:

Շատացավ աշխատանքը:

Ձեր գործունեության մեջ ե՞րբ եք ձեզ զգացել ինչպես «ձուկը ջրում»:

Իհարկե ցանկացած պաշտոն, երբ դու ընտրովի ես, այդ ժամանակ դու քեզ զգում ես ինչպես ձուկը ջրում։ Սպորտը դա իմ հոբբին է, իմ արյան մեջ է, ամենալավը ինձ զգացել եմ սպորտում։ Հետագայում, երբ արդեն կառավարում ես քո ծնված, մեծացած վարչական շրջանը, ինքդ տեսնում ես հաջողությունը,այդ ժամանակ էլ ես քեզ զգում ձուկը ջրում:

Ո՞ր երկրում կցանկանայիք ապրել եւ ո՞ր դարաշրջանում:

Հայաստանում Տիգրան Մեծի ժամանակաշրջանում:

Հաջողության հասնելիս ո՞վ կամ ի՞նչն է ձեզ օգնել։

Հորս խորհուրդները, որոնք իմ կյանքի ուղեկիցն են, եւ իհարկե, ուսուցիներ եւ մարզիչներ, որոնք ինձ համար կյանքի ընկեր են: Լավագույն ուսուցչիս` Դավիթ Թորոսյանի հետ մինչեւ հիմա ընկերություն եմ անում:

Իսկ ո՞վ կամ ի՞նչն է ձեզ խանգարել հաջողության հասնելիս։

Ճակատագիրը:

Ճակատագիր կա՞:

Իհարկե կա:

Որտե՞ղ է այն:

Շատ ժամանակ մենք ինքներս ենք կերտում ճակատագիրը, այսինքն` Ա կետից Բ կետը անցնել այնպես, որ չընկենք պատմությունների մեջ, բայց, ցավոք, միշտ չի ստացվում այդպես։

Դժգո՞հ եք ձեր ճակատագրից:

Դաժան է եղել ճակատագիրը իմ հանդեպ, ես դժվարությամբ եւ ինքնուրույն բերել եւ ճիշտ հունի վրա եմ դրել իմ ճակատագիրը։

Ո՞րն է ձեր նշանաբանը:

Լինել այնպիսին, որ հայելու առաջ ինքդ քեզանից չամաչես, կարողանաս պարզ նայել քո աչքերի մեջ։

Իսկ դուք երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար։

Փոշմանել եմ։

Երբ փոշմանում եք, ի՞նչ եք անում։

Հաջորդ անգամ չեմ անում։

Ներողություն հե՞շտ եք խնդրում։

Կանանցից կարելի է ներողություն խնդրել շատ հաճախ, ներողություն խնդրելու ունակություն ունենալն էլ է քաղաքականություն։

Ի՞նչ մեղքեր եք գործել:

Մեղքերը լինում են գիտակից եւ անգիտակից, երբեմն մենք ինքներս չենք հասկանում, որ մեղք ենք գործում։ Միակ բանը, որը ես մոմ վառելուց խնդրում եմ Տիրոջը, այն է, որ ների ինձ իմ գիտակից եւ անգիտակից մեղքերի համար։

Կարողություն կամ հմտություն, որ կցանկանայիք ունենալ կամ իմանալ:

Կցանկանայի լավ տիրապետեի ինչ-որ մի երաժշտական գործիքի` թիթիզանալու համար (ծիծաղում է- NEWS.am

Ձեզ նախանձողները շա՞տ են, կարծում եք` ինչի՞ համար են ձեզ նախանձում:

Իրենք որ լինեին իմ կաշվի մեջ, հաստատ չէին նախանձի։ Կողքից հաջողությունները շատ հեշտ են թվում, իրականում կյանքում ոչ մի մեծ հաջողություն հեշտ չի տրվում:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը։

Ամենամեծ հաղթանակը ժողովրդի տված ձայնն է, դա շատ պարտավորեցնող է, այսինքն՝ ես ճշմարիտ եմ գործել: Իսկ պարտությունս, երեւի թե առաջին օլիմպիական խաղերս` 1996թ, պարտվել եմ հանճարեղ բռնցքարմարտիկի Ֆլոյդ Մայվեզերին:

Ինչպե՞ս եք հաղթահարել այդ պարտությունը:

Հուզվել եմ, լացել եմ։ Շաբաթից ավել տեւեց։ Պարտություններով է մարդ կոփվում, ինքս հաղթահարեցի։

Ձեր կյանքի ամենաուրախ եւ տխուր օրը։

Ուրախ օրերը զավակներիս ծնունդն է, իսկ տխուր օրը` հորս կորցնելը։

Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում կնոջ եւ տղամարդու մեջ:

Բարոյականությունը։

Ասում են, թե տղամարդու եւ կնոջ մեջ ընկերություն չի կարող լինել:

Համամիտ եմ, ես կին ընկերներ չունեմ, կին մտերիմներ ունեմ։

Ովքե՞ր են ձեր ընկերները.ի՞նչ հաճախականությամբ եք հավաքվում, ի՞նչ եք անում միասին: Ձեր ընկերը լինելու համար պարտադի՞ր է հարուստ պաշտոնյա լինելը:

Շատ չեն ընկերներս, տեսնում ենք գրեթե ամեն օրը, իմ ընկերը լինելու համար պետք է մանկությանս ժամանակ ինձ հանդիպած լինեին, իմ ընկերները չեն ավելացել։

Չեմ հիշում, թե ով է ասել` Աստված իմ, ինձ պաշտպանիր իմ բարեկամներից, թշնամիններից ես ինքս գլուխ կհանեմ։ Համամի՞տ եք:

Բարեկամերը թող շատ լինեն, խնդիրը ազգականներն են, ազգակցական կապ ունեցող հարազատներին, ցավոք, դու չես ընտրում։

Ունե՞ք այդպիսի ազգական, որ կցանկանայիք, որ չլինել:

Այդպիսի մարդ չկա, որ ցանկանայի, որ չլիներ: Պարզապես թող իրենց չափի մեջ եւ իրենց տեղում լինեն։

Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը:

Սիրելի զբաղմունքս ակտիվ հանգիստն է, բնության գրկում արշավ գնալը, այգեգործությամբ զբաղվելը:

Ո՞րն է ձեր մասին տարածված ամենանհեթեթ առասպելը:

Երեւի թե սպորտային տարիներն են եղել, 1997թ աշխարհի առաջնությունից հետո մեկ շաբաթ մնացի ԱՄՆ-ում, մինչ կվերադառնայի, հայաստանյան բոլոր թերթերը ինձ մեղադրել են ազգի դիվաճանության մեջ,որ թողել եմ սիրողական սպորտը, պայմանագիր եմ կնքել եւ արդեն պրոֆեսիոնալ սպորտով եմ զբաղվելու։

Ի՞նչն եք համարում ամենամեծ դժբախտությունը:

Հարազատների կորուստը:

Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել: Հուսահատության եւ հիասթափության պահերը ինչպե՞ս եք հաղթահարում:

Ինքնամփոփ։ Կարող եմ հուզվել մեր մարզիկների հաջողություններով, որովհետեւ ինքս շատ անգամ վերապրել եմ այդ հոգեւոր ցնցումը։

Որպես նախկին մարզիկ, երբ այսօր նայում եք մեր մարզիկների ելույթները, օրինակ` վերջին օլիմպիադայաում, ի՞նչ զգացողություն եք ունենում:

Կորուստի զգացում։ Ուզում եմ, որ բոլորս հասկանանք, թե ինչ ճանապարհ է անցնում օլիմպիական մարզիկը, 4 տարի իրեն կտրում է ամեն ինչից, իրեն նվիրում է օլիմպիական խաղերին: Անհանդուրժելի է, երբ մարզիչի, չինովնիկի, պետական ղեկավարի, պատասխանատուի պատճառով անհաջողություն է լինում։

Վերջին օլիմպիական խաղերը այդպիսի՞նն էին։

Կարծում եմ` այո, մեր մարզիկները շատ հիանալի սպորտսմեններ են, եւ չկա մեկը, որը ավելի շատ ցանկանա դառնալ օլիմպիական չեմպիոն, քան մարզիկը։

Այսինքն, Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր:

Նա մարդ է, որը եւս ոչ պակաս, քան մարզիկը, ցանկանում է, որ մենք ունենք օլիմպիական չենպիոններ, մեկ անձով չի կարելի պայմանավորել ամբողջ երկրի սպորտը, կա աշխատանքային թիմ եւ թիմի ցանկացած անդամ պատասխանատու է:

Պատմական դեմքեր, որոնց դուք չեք ընդունում:

Րաֆֆու «Սամվելը» հանենք գոնե դպրոցական գրականությունից։

Ո՞վ է Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը։

Բացարձակապես երկրի նախագահը:

Ձեր երջանկության բաղադրատոմսը….մեկ ճաշի գդալ…, մեկ բաժակ…:

Մեկ ճաշի գդալ սեր, մեկ ճաշի գդալ հավատարմություն, մեկ բաժակ բարոյականություն եւ Տիրոջ նախախնամություն, այդ ամենի անունն է երջանկություն։

Ինչպիսի՞ն եք խոհանոցում, օրական քանի՞ րոպե եք այնտեղ անցկացնում:

Պատրաստել կարողանում եմ, բավականին հաջող, շաբաթը մեկ օր ընտանիքիս համար պարտադիր ես եմ նախաճաշ պատրաստում, դա արդեն դարձել է ավանդական, երեւի թե սովորել եմ հորիցս: Ամենակեր եմ, ամեն ինչ ուտում եմ, եթե համով է պատրաստված:

Ձեր սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:

Թռչունը` կոլիբրի, բոլոր ծաղիկներն էլ սիրում եմ, գույնը` բազմերանգ։

Ձեր սիրելի բանաստեղծությունը:

«Ես իմ անուշ Հայաստանի...»:

Անգիր գիտե՞ք մինչեւ վերջ, կկարողանա՞ք արտասանել:

Իհարկե գիտեմ։ Ես նույնիսկ գրած բանաստեղծություններ ունեմ։ Զգացմունքային բանաստեղծություններ են, երբ հոգիս շատ ցավացել է, այդ ժամանակ է գրվել։

Սիրելի գրական հերոսը:

Այս ամառ վերընթերցեցի Օսկար Ուայդլի «ՙԴորիան Գրեյի՚ դիմանկարը»:

Հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է, ում հետ կցանկանայիք գոնե երեկո անցկացնել:

Չեմ կարծում, որ այդքան անհասանելի են իրենք: Կարծում եմ`շատ ցանկության դեպքում կարելի է սեղանի շուրջ նստել, այդպիսի ֆենոմեն չկա։

Ձեր իմիջով ո՞վ է զբաղվում, օրինակ` ով է ձեզ համար ընտրում հագսւոտ, որտեղի՞ց:

Ես եմ ընտրում իմ հագուստը, նույնիսկ պահարանը ես եմ դասավորում։

Եւ որտեղի՞ց եք գնում:

Որտեղից պատահի, այնտեղ էլ կգնեմ։

Օրինակ, Մալաթիայի շուկայից կգնե՞ք։

Չէ, երբեւիցե չեմ գնել Մալաթիայի շուկայից։

Քենեդին ասում է, որ աշխարհում չկա մի տղամարդ, որ չդավաճանի իր կնոջը: Ի՞նչ կարծիքի եք:

Դա ես չեմ ասել, դա Քենեդին է ասել։ (ծիծաղում է-NEWS.am)։

Անդրադառնանք կանանց, հայտնիներից մեկը ասում էր, թե բոլոր հակասությունները միավորվում են կնոջ սրտում:

Մեկն էլ ասում էր, թե կնոջ սիրուց ազատվելու միակ միջոցը փախուստն է։

Ո ՞րն է Ձեր ամենառոմանտիկ հիշողությունը:

Իմ եւ կնոջս հարաբերությունները։

Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի կարողանա գրավել ձեր սիրտը:

Մայր, կնոջ հիմնական առաքելությունը ինձ համար մայր լինելն է:

Անցած սերեր, քանի՞սն են եղել:

Առաջին անգամ մանկապարտեզում, էլ չթվարկեմ, որովհետեւ սահմանափակ է մեր ժամանակը (ծիծաղում է-NEWS.am)։ Սեր ասելը հարաբերական է, դա զգացմունք է, որը իհարկե բոլորի կյանքում էլ կա։ Սիրահարվում ես այնքան ժամանակ, մինչեւ գտնում ես քո կյանքի միակ եւ անփոխարինելը սերը։

Եւ ե՞րբ եք գտել։ Ինչպե՞ս եղավ:

Վեց տարի առաջ, կինս մեր թաղամասում էր ապրում, բազմիցս տեսել եմ, հավանել եմ, սերը ամրապնդվել է տարիների ընթացքում, իմ եւ կնոջս տարբերությունը տասնմեկ տարի է։ Ինքը դեռ դպրոցական տարիքում էր, ես իրեն տեսնում էի եւ մտքովս չէր անցնում, որ այդ գեղեցկադեմ աղջիկը դառնալու է իմ կինը:

Իսկ տարիքը խոչընդոտ չէ՞ր, գոնե ձեր կնոջ ծնողների կողմից գանգատներ չկա՞յին:

Մեր ծանոթությունից մեկ ամիս հետո մենք նշանվել ենք։ Կարծում եմ` մեր ընտանիքի ամրության գրավականը մեր տարիքային տարբերությունն է։

Ինչպե՞ս եք համոզել, որ ամուսնանա ձեզ հետ, երկնքից աստղեր իջեցնել խոստացե՞լ եք:

Աստղեր էլ:

Իջեցրի՞ք երկնքից աստղեր:

Ես հրաշագործ չեմ, ես դեռ սովորում եմ:

Ի՞նչ խենթ քայլեր եք արել նրա համար։

Դրա մասին ասել եմ իր հորը՝ Վլադիմիր Գասպարյանին։

Ձեզ չբռնեցի՞ն։

Չէ։

Դժվա՞ր է ոստիկանապետի աղջկա հետ ամուսնացած լինելը։ Տան վեճերի դեպքում «հայրիկով» սպառնալու դեպքեր լինո՞ւմ են:

Զարմանալի է, բայց ոստիկանապետը, վաղ տարիքից զբաղեցնելով բարձր պաշտոններ, իրեն հաջողվել է ընտանիքում դաստիարակել լավ զավակ։

Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները զոքանչի հետ:

Իմ զոքանչը շատ լավ կին է եւ միշտ իմ կողմից է։

Հանուն սիրո կամ սիրելիի վայր կդնե՞ք պատգամավորական մանդատը:

Իհարկե, եթե անհրաժեշտ լինի։

Ոստիկանապետ աներ ունենալով` ոստիկանները ձեզ չե՞ն կանգնեցում:

Երբ ծառայողական մեքենայով չեմ լինում, ինձ հաճախ են կանգնեցնում։ Օրինակ` վերջին անգամ տուգանվել եմ 10 հազար դրամով:

Բա ասո՞ւմ էիք, թե օրինապաշտ եք:

Իհարկե, թույլատրելի 80կմ/ժ արագության դեպքում ես երթեւեկել եմ 81:

Երբ կանգնեցնում են ոստիկանները, չե՞ք զանգում աներոջը:

Ամբողջ կյանքիս ընթացքում ես ինքս եմ իմ հարցերը լուծել։ Ես ուրախ եմ, որ տղաները լավ են աշխատում, որի վկայությունը այն է, որ ինձ հաճախ են կանգնեցնում։

Հիմա, ոստիկանապետ աներ ունենալը առավելությո՞ւն է, թե՞ թերություն, գուցե առանձնահատկությո՞ւն:

Ոստիկանապետ աներ ունենալը պատասխանատվության ավելի մեծ զգացողություն է:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` Հայ ազգային կոնգրես խմբակցության քրատուղար Արամ Մանուկյանը ձեզ հարցնում է, թե պատգամավորական գործունեության համար մածուն կուզեք:

Կարծում եմ` իմ լուման կունենամ այն գործում, որ այլեւս մածունի կարիք չլինի ԱԺ-ում։

Այժմ ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը չգիտենք, թե ով կլինի:

Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով զբաղեցնել ձեր երազանքների պաշտոնը, ո՞րը կլիներ դա։

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը մարզիչ, մանկավարժ է, Եվրոպայի առաջնության մրցանակակիր է: 2008թ. մայիսի 18-ին ընտրվել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար: 2009-2012թթ. եղել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ ՎարդապետյանիՍամվել Նիկոյանի, ՕԵԿ-ից` Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից` Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե ԷնֆիաջյանիՆաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան ԲաբայանիԱրմեն ԱվետիսյանիՄիքայել Մելքումյանի, Բազմասեր Առաքելյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի,Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ ՄինասյանիԱղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանիհետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ