News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանից ընտանիքը որեւէ նորություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

Նա նշեց, որ կալանավորումից հետո չեն տեսել Շանթին, քննիչի կողմից արգելանք է դրված: «Որեւէ նորություն չկա, սնունդ տանում ենք»,- փոխանցեց կինը:

Ռուզաննա Բադալյանն ասաց նաեւ, որ Շանթ Հարությունյանի համար փաստաբան չեն վարձել, նրան հանրային պաշտպան է տրամադրվել: «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավարի պաշտպանը Գարիկ Մալխասյանն է:  Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ինքը գործում ներգրավվել է որպես պաշտպան: «Շանթ Հարությունյանը հրաժարվել է պաշտպանից, վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի ողջամիտ ժամկետում, հիմա այդ փուլն է»,- ասաց նա:

Գարիկ Մալխասյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվում է պաշտպանից եւ չի ցանկանում որեւէ գործողություն անել իրավական առումով: «Համենայն դեպս, ես գիտեմ, որ խափանման միջոցը բողոքարկման ենթակա որոշում է, բայց ինքը չցանկացավ բողոքարկել»,- նշեց փաստաբանը, ով հանդիպել էր Շանթ Հարությունյանի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին,  նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին, մնացածին ազատ էին արձակել:

Տպել
Ամենաշատ