ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը տարիներ առաջ դատական գործով որպես վկաներ են անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա ասաց, որ գազալցակայանում իր բաժինը գնել է Թեւոս Սաֆարյանը եւ նույն գազալցակայանի բաժնետեր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանի որդիների հետ չեն կարողացել համագործակցել: Արդյունքում Մեխակ Գաբրիելյանի որդիների հետ միջադեպ է տեղի ունեցել: Գործը հասել է դատարան եւ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանի որդիները դատվել են:
Խոսելով իր եւ Թեւոս Սաֆարյանի ներկայիս հարաբերությունների մասին՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ վաղուց չի շփվել նրանց հետ: «Բայց ժամանակին բիզնես ոլորտում որոշ հարաբերություններ ունեցել եմ նրա հետ իր քեռու միջոցով»,- ավելացրեց Խոսրով Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա, ով ներկայումս անազատության մեջ գտնվող քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբայրն է: Արթուր Սաֆարյանին հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




























