Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը չի արգելի իր երեխաներին զբաղվել քաղաքական գործունեությամբ, եթե նրանք ցանկանան: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է8 Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային (ֆոտոռեպորտաժ):
«Սահմանափակումներ չեմ պատկերացնում իմ երեխաների համար: Որդիս ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ դուստրս՝ դերասան: Ինչ էլ նրանք ընտրեն, ես կսատարեմ, կօգնեմ նրանց, որեւէ արգելք չեմ դնի»,- ասաց պատգամավwրը:
Նա պատմեց, որ անհոգ մանկություն է ունեցել, սիրել է բակում գնդակով տարբեր խաղեր խաղալ:
«Ի սկզբանե շատ խելոք երեխա եմ եղել, իսկ հետո արդեն չարաճճիություններ եմ շատ արել»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը հունիսի մեկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր մանուկներին եւ մաղթեց, որ երջանիկ լինեն, միշտ ժպտերես եւ վայելեն իրենց մանկությունը:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր կայացել է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան։ Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: