News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գալիք 2016թ.-ի նախաշեմին NEWS.am-ն ամփոփում է անցնող տարին եւ ներկայացնում երկրի հասարակական-քաղաքական կյանքի առավել կարեւոր 10 իրադարձությունները (ֆոտոռեպորտաժ)​։

1. Տարեսկիզբը մռայվեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում կատարված ողբերգական դեպքով:

Հունվարի 12-ի արեւածագին քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ինքնակամ լքել էր իր պահակակետը: Ձեռքին ավտոմատ՝ նա մտել էր Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին՝ հինգ մեծահասակների ու երկու տարեկան երեխային, իսկ վիրավորված կես տարեկան նորածինը մեկ շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում:

Պերմյակովին ռուս զինվորականները ձերբակալել էին հայ –թուրքական սահմանին, որից հետո նրան տարել են ռազմակայանի կայազորային բանտ:

Հաջորդ օրը Հայաստանի դատախազությունը հայտարարել էր, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը չի դիտարկվում, քանի որ Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է ու գտնվում է ՌԴ ենթադատության ներքո:

Այդ հայտարարությունը բողոքների ալիք առաջացրեց Երեւանում ու Գյումրիում: Ոստիկանների եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժեց մոտավորապես երեք տասնյակ մարդ։ Հետո հայ ու ռուս քննիչները պայմանավորվեցին գործը համատեղ քննելու մասին:

Օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին 10 տարվա ազատազրկման դատապարտեց դասալքության համար: Սպանություն հոդվածով գործն առանձին վարույթ վերցվեց ու փոխանցվեց հայկական կողմին:

Դեկտեմբերի 18-ին Գյումրիում մեկնարկած դատավարությունում նոր սենսացիոն մանրամասներ են պարզվել: Մասնավորապես բացահայտվել են Պերմյակովի սատանայապաշտ հակումները: Հայտնի է դարձել, որ զինվորականը «Օդնոկլասնիկի» սոցցանցում միացել էր սատանայապաշտների էջին ու սատանայի հետ պայմանագիր կնքել՝ խոստանալով նրան զոհաբերել մի քանի կնոջ ու մի քանի տղամարդու:

2. Փետրվարն աչքի ընկավ երկրի ներքաղաքական կյանքում ցնցումներով։

Փետրվարի 5-ին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին նրա առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին կտրուկ քննադատությամբ եւ հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերների հետ պատրաստվում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ պահանջել, եթե երկրի ղեկավարի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները չեղյալ չհամարվեն: 

Փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց Ծառուկյանի գործունեությունը: Բացի այդ, պետության ղեկավարը հարկային ծառայությանը հրահանգ տվեց Ծառուկյանի բիզնեսների ստուգում սկսել եւ քաղաքական գործչին հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդի կազմից: 

Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ ընդունում է նախագահի մարտահրավերը եւ մտադիր է երկրում իշխանափոխություն իրականացնել: Հայ ազգային կոնգրեսի  (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդների հետ խորհրդակցությունից հետո փետրվարի 20-ին հայտարարվեց հանրահավանք անցկացնելու մտադրության մասին: Սակայն նախագահական նստավայրում Ծառուկյանի եւ Սարգսյանի հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը հրաժարվեց հանրահավաքից` ասելով, որ «ոչ մի միջոց չի արդարացնում նույնիսկ մեկ անմեղ մարդու արյան թափվելը»:

Արդեն մարտի 5-ին Ծառուկյանը հայտնեց, որ հրաժարվում է կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Նրա օրինակով կուսակցությունից դուրս եկավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քաղաքապետեր, համայնքների ղեկավարներ եւ մի շարք պատգամավորներ:

3. Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ՝ Քլոեի, դուստր Նորթի եւ ամուսնու՝ 21 Գրեմմիի արժանացած ռեփեր Քանյե Ուեսթի այցելությունը Հայաստան տարվա ամենավառ իրադարձություններից էր։ Ռեալիթի շոուի ամերիկացի աստղը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի 1915թ. ողբերգական դեպքերի զոհերին։

Քիմը ծաղիկներ դրեց «Ծիծեռնակաբերդ»  հուշահամալիրում, եղավ Գեղարդի վանքում, այցելեց Գառնիի հեթանոսական տաճարը։ Հանրահայտ ընտանիքի այցելության գագաթնակետը դարձավ «Կարապի լճում» Քանյե Ուեսթի համերգը։ Շոուի գագաթնակետը ռեփերի ցատկն էր լիճ, որին հետեւեցին ոգեշնչված երկրպագուները։

Երեւանից Քիմ Քարդաշյանը մեկնեց Իսրայել, որտեղ հայկական եկեղեցում կնքեց դստերը։

Մեկշաբաթյա այս այցը Հայաստանի վրա էր բեւեռել համաշխարհային խոշոր լրատվամիջոցներ ուշադրությունը։

4. Աշխարհահռչակ Քարդաշյաններից հետո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանեցին մաեստրո Շառլ Ազնավուրը, վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը, oպերային երգչուհի Մարիա Գուլեգինան, հայտնի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, հանրահայտ Kronos Quartet-ը։

Ամենասպասելի իրադարձություններից մեկը System of a Down լեգենդար ամերիկյան ռոք խմբի համերգն էր Երեւանի Հանրապետության հրապարակում։ Համերգը դարձավ խմբի՝ Wake Up the Souls (Արթնացրեք հոգիները) համաշխարհային համերգային շրջագայության վերջակետը։ Շրջագայության նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա։

Սա խմբի առաջին համերգն էր նախնիների հայրենիքում։ 2006թ. «Գրեմմի» մրցանակի արժանացած խմբի բոլոր անդամները հայեր են՝ Ցեղասպանություն վերապրած հայերի սերունդներ։ Ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը եւ խմբի 3 անդամները հորդառատ անձրեւի տակ 50-հազարանոց հանդիսատեսի առջեւ կատարեցին իրենց առավել հայտնի կատարումները։

5. Ապրիլի 24-ին համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նախորդ ամիսներին Հայաստանում եւ ողջ աշխարհում կայացան այդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ, ներկայացումներ։

Սակայն հիմնական գործողությունները տեղի ունեցան Երեւանում։

«Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով կայացած միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք ժամանեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաեւ 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանների խոսնակներ, կառավարությունների ղեկավարներ։ Բարձրաստիճան հյուրերը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում մասնակցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողությանը՝  անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակներին ամրացնելով դեղին վարդեր։

6. Ամառը Հայաստանում նշանավորվեց հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունների եւ քաղաքացիական ակտիվության աճով։

Հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին։ Մասնավորապես, հաղորդվում էր, որ օգոստոսի 1-ից ՀԷՑ-ը սպառողներին էլեկտրաէներգիա կմատակարարի ցերեկը մեկ կիլովատ/ժամի դիմաց  48.78 դրամով, իսկ գիշերը ՝ 38,78 դրամով։

Հունիսի 22-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հայ ակտիվիստները բողոքի ակցիա եւ նստացույց էին կազմակերպել Բաղրամյան պողոտայում։ Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել էր ակցիան։ Ուժ գործադրելու ժամանակ ոստիկանները դիմել էին նաեւ մահակների օգնությանը։ Բերման ենթարկված ավելի քան 200 ակտիվիստներ հաջորդ օրն ազատ էին արձակվել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել 5 հոգուց բաղկացած ցուցարարների խմբի հետ, սակայն այդ առաջարկը մերժվել էր։

Բաղրամյանում լարվածությունը թուլացավ այն բանից հետո, երբ նախագահը հայտարարեց, որ կառավարությունն իր վրա է վերցնում սակագնի բարձրացման ծախսը, մինչեւ ՀԷՑ-ում աուդիտ անցկացվի։

Սեպտեմբերի 30-ին ռուսաստանաբնակ հայ գործարար  Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ»-ն հանրապետության էլեկտրաէներգետիկայի ակտիվների առքուվաճառքի մասին համաձայնագիր ստորագրեցին։

7. Նոյեմբերի 3-ին Հայաստանի բնակիչները ստացան Մոսկվա-Երեւան ուղերթն իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսի խոշոր վթարի մասին տագնապալի լուրը։ Մասնավորապես 61 ուղեւոր տեղափոխող «Higer» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր ՌԴ Տուլայի մարզի Ուզլովայայի շրջանում։ Միջադեպից զոհվել էր 9 մարդ, 32-ը հոսպիտալացվել էին։

Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավը Մոսկվայի մարզի Ռամենսկոյե օդանավակայանից Երեւան բերեց վիրավոր ուղեւորներին եւ զոհերին։ Ավտովթարի կապակցությամբ ՌԴ, իսկ այնուհետեւ ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցեցին։

Ավտոբուսի վթարի գործով քրեական գործեր են հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 245րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հետեւանքով  անզգուշաբար 2 կամ ավելի անձանց մահ պատճառելու» հատկանիշներով։

Վթարից անմիջապես հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ Հայաստանը խստացնում է ուղեւորափոխադրումների նկատմամբ հսկողությունը։  Զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին  արդեն 1.5 մլն դրամ  է վճարվել։

8. Դեկտեմբերի 6-ին Հայաստանի քաղաքացիներին բարդ ընտրություն էր սպասվում։ Հանրապետությունում ընթանում էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով նախատեսվում էր հանրապետության կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի։ ԿԸՀ տեղեկություններով՝ քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։

Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների  63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Թեպետ ընդդիմությունը հայտարարել էր քվեարկության ընթացքում բազմաթիվ ընտրակեղծիքների մասին,  իշխանությունները նշել են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ ՀՀ դատախազությունը ուսումնասիրվել է 499 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ/: 52 դեպքով հարուցվել է քրեական գործ:

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել էին  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը ստորագրվել էր դեռեւս 2013թ. սեպտեմբերի 4-ին։

9. Անցնող տարվա վերջին ամսվա ամենակարեւոր արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների խորացման նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն էր։  Դեկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ապագա համաձայնագիրը կփոխարինի գործողին եւ կվերականգնի համագործակցությունը Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության վերանայված ու ավելի լայն շրջանակներում։ Նրա խոսքով՝ դա բարենպաստ պայմաններ կստեղծի այնպիսի ոլորտներում համագործակցելու համար, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան եւ առեւտուրը։

Պլանավորվում էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրեր 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում։ Սակայն գագաթնաժողովից 2 ամիս առաջ հանրապետությունը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու եւ եվրասիական ինտեգրմանը  մասնակցելու որոշման մասին։ Հայաստանը ԵՏՄ-ին միացավ 2015թ. հունվարին։

10. Կարեւորագույն իրադարձությունների տասնյակը եզրափակում է դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ 2015 թվականի միակ հանդիպումը: Պետությունների ղեկավարների նախորդ հանդիպումը 2014 թվականի հոկտեմբերի 27-ին էր, Փարիզում:

Այս անգամ երկկողմ ձեւաչափով հանդիպումն ավելի քան մեկ ժամ տեւեց: Դրանից հետո պետությունների ղեկավարներին միացան ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բեռնի հանդիպումը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, պայմանավորված էր Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտմամբ:

Մեկ տարվա ընթացքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման հետեւանքով 35 հայ զինծառայող է զոհվել՝ չհաշված խաղաղ բնակչության շրջանում կորուստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NEWS.am-ը կոչ է անում գործակալության հեղինակության հաշվին միավորներ չհավաքել
Ե՛վ սոցիալական ցանցերում մեր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները, ե՛ւ «Հայկական ժամանակի» այս հոդվածը ակնհայտորեն ուղղորդվել են մեկ կենտրոնից...
NEWS.am-ը հայտարարում է ստեղծագործական տեսահոլովակների մրցույթ
Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ...
NEWS.am–ի մարզական լրագրողը` ԵՄԱ մրցանակի անդրանիկ դափնեկիր
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին արժանացավ NEWS.am–ի մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը...
Երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ. DJ Smoke (ֆոտոռեպորտաժ)
«Աշխարհում ինչքան բալիկներ կան թող բոլորն ապրեն ուրախ, անհոգ ու երջանիկ, երեխաները քաղցր ցեց են, ես իրենց ցավը տանեմ...»
Պախկվոցի, հալամուլա երեխաները հիմա էլ չեն խաղում. Ռոման Ամոյան (Ֆոտո)
Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում...
Էլինար Վարդանյանն իր երեխաներին չի արգելի զբաղվել քաղաքականությամբ
«Սահմանափակումներ չեմ պատկերացնում իմ երեխաների համար: Որդիս ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ դուստրս՝ դերասան»…
Ամենաշատ