News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ողբերգական պատահարներ հանրապետությունում: Երեւան-Սեւան ավտոճանապարհին իրար են բախվել «Opel» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 9 մարդ: Ուսանողների Երեւան տեղափոխող «Mercedes»-ը մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող «Opel»-ին։ Մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանն է: Նա Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհի էր: Տուժածների թվում է նաեւ նրա եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը:

Իսկ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է Արմավիրի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ Սմբատ Բաղդասարյանը: Նա Գյումրի էր մեկնում: Ոստիկանները երիտասարդի դին մեքենայից դուրս են գտել: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել՝ հայտնվելով դաշտում:

Կարել է բերանը՝ բողոքելով աշխատանքից ազատելու դեմ: Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը կարել է բերանը եւ Երեւանի Հանրապետության հրապարակում հացադուլ սկսել: Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած աշխատավայր է գնացել՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան տեսել է այդ վիճակում եւ ազատել աշխատանքից: Արմեն Երանոսյանն ամուսնացած չէ, ապրում է մոր եւ եղբոր հետ, սոցիալական ծանր պայմաններում:

Գործադիրն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Կառավարության ծրագիրը: Օրակարգում երկու հարց կար՝ Կառավարության ծրագրին հավանության տալու ու այն Ազգային ժողով ներկայացնելու մասին: Արտահերթ նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ծրագիրը: Այն Ազգային ժողովում քննարկվելու է հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստում:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում։ Եռանախագահները լինելու են Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը տեղեկացրել է, որ քննարկելու են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, բանակցային գործընթացի հեռանկարները: Պոպովը նաեւ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, եւ դրանից առանձին տարրեր առանձնացնելու ցանկացած փորձ ապակառուցողական է:

Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալու մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունը՝ քննարկման թեմա Հայաստանում եւ Արցախում: ԼՂՀ նախագահի խոսնակի կարծիքով, սա ցույց է տալիս, թե Բաքուն որքան անպատրաստ է համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորման: Դավիթ Բաբայանը սա, այսպես ասած, «առաջընթաց» է համարում: Ասում է՝ եթե նախկինում Ալիեւը խոսքով եւ գործով փորձում էր ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը, հիմա արդեն ինքնավարության մասին է խոսում: Ամեն դեպքում՝ Ալիեւի հայտարարությունը Դավիթ Բաբայանի մոտ միայն ծիծաղ եւ խղճահարություն է առաջացնում։

Այդ մասին լրագրողների հարցին կատակով է պատասխանել նաեւ Էդուարդ Շարմազանովը, միաժամանակ Ալիեւին հիշեցրել, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ Արցախը որեւէ կարգավիճակով չի ցանկանում Ադրբեջանի կազմում լինել:

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից Գյումրիի ավագանու 4 թեկնածուների հայցը: Նրանք վիճարկում էին ավագանու ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը: Այս ուժերը հայտարարել են, որ բոնուսային մանդատների բաշխման ժամանակ «Բալասանյան» դաշինքին լրացուցիչ երկու մանդատները տրվել են իրենց հաշվին, ինչի դեմ էլ բողոքում են: Օրենքով սահմանված կարգով ստացված բոնուսային մանդատներով «Բալասանյան» դաշինքը մեծամասնություն է կազմել ավագանիում, ինչից հետո Գյումրիի քաղաքապետ է ընտրվել դաշինքի ընտրացուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը: Հավելենք, որ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ն ու ԳԱԼԱ-ն հայտարարել են, որ շարունակելու են բոյկոտել ավագանու նիստերը՝ մինչեւ իրավական դաշտում խնդրի լուծումը:

Հոկտեմբերի 18-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, իսկ եվրոն ու ռուբլին ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 523, ռուբլունը՝ 7 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 584 դրամ։

Հանրապետության մի շարք շրջաններում թույլ ձյուն է տեղում: Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, սակայն վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վաղ առավոտից արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգեր է ստացել, որ ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել: Վրաստանից էլ տեղեկացնում են, որ Վերին Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Բեռնատարների համար անցակետը փակ է: Մաքրման աշխատանքներ են իրականացվում:

Հոկտեմբերի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղն անձրեւ է սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ