News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Նոբելյան խաղաղության կոմիտեին՝ 2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուին հանձնելու առաջարկով։

Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավորների դիմում-առաջարկի մեջ նշվել է, որ Ռագըփ Զարաքոլուն հրատարակել է Թուրքիայում տաբու հանդիսացող Հայոց ցեղասպանության եւ քրդական հարցի վերաբերյալ, որոնց համար մի քանի անգամ դատապարտվել է։  

«Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Զարաքոլուն մտել է Մարդու իրավունքների միության մեջ եւ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքերի անդադար շարունակել իր պայքարը, որի համար հայտնվել է պետության թիրախում եւ 2011-ի նոյեմբերի 1-ին կալանավորվել՝ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով»,-նշվել է դիմումի մեջ։

Նշենք, որ Զարաքոլուն մեկ ամիս առաջ փաստաբանների միջոցով կոչ-նամակ էր ուղարկել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Այո, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Այն ոչ միայն պարտավորություն է նահատակների առաջ, այլեւ պարտականություն հասարակության առողջ մտածելակերպի համար: 1915-ի համար հիմնարար ներողությունը շատ կարեւոր է: Դրա տեղը Թուրքիայի խորհրդարանը պետք է լինի: Այն Թուրքիային չի ստորացնի, այլ կուժեղացնի եւ ավելի կբարձրացնի»,-գրել էր Զարաքոլուն։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ