News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը ներդրումային ծրագիր է մշակել Նորագավիթի մերձակայքում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների կառուցման համար: Հարցը ներառված է կառավարության մայիսի 3-ի նիստի օրակարգում:

Ներդրումային ծրագրում նշված է, որ Հայաստանում վերջին հինգ տարիների կտրվածքով բանջարանոցային մշակաբույսերի տարեկան արտադրանքի միջին ծավալը կազմել է 800 հազար տոննա` մեկ շնչի հաշվով մոտ 250 կիլոգրամ, որը բավական բարձր ցուցանիշ է: Այնուհանդերձ, բուսաբուծական արտադրանքի արտադրությունը Հայաստանում կրում է ընդգծված սեզոնային բնույթ, ինչի արդյունքում  տարվա տարբեր սեզոններին շուկայում գների կտրուկ տատանումներ են նկատվում, իսկ արտահանման ծավալները համախառն բերքի չնչին տոկոսն են կազմում:

Հայաստանում առկա ջերմատները հիմնականում կառուցվել են տասնամյակներ առաջ եւ իրենց տեխնոլոգիայով ու արդյունավետությամբ էապես զիջում են ժամանակակից ջերմատներին: Բացառությամբ վերջին 1-2 տարիներին կառուցվածների (մոտ 3 հա),  առկա ջերմատներում բանջարեղենի բերքատվությունը 1քմ հաշվով տատանվում է 15-20 կգ, մինչդեռ ժամանակակից ջերմատները` կախված տեխնոլոգիական հագեցվածության աստիճանից, կարող են ապահովել 45-100 կգ արտադրանք:

Ծրագրով նախատեսվում է  Նորագավիթ թաղամասին հարող տարածքում երեք տարիների ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ  կառուցել մոտ  50 հա ջերմատներ, ինժեներական եւ լոգիստիկ հանգույցներ: Նշված գոտու ընտրությունը պայմանավորված է Երեւանի ՋԷԿ-ի առկայությամբ, որը պետք է ապահովի կենտրոնացված համակարգով ջեռուցում:

Ջերմոցները կառուցելու է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալի սեփականատերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ