News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հուլիսի 4-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, ինչի վկայությունը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է եւ փոխայցերը:

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ելույթ ունենալ Հայաստանի նորընտիր ԱԺ-ում եւ իր այցը կարեւորել հատկապես այն առումով, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում, ինչը նոր հեռանկարներ է բացում առաջիկայում ԵՄ-Հայաստան ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով:

Վան Ռոմպոյը կարեւորել է ոլորտային բարեփոխումները եւ օրենսդրության  մոտարկումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման եւ  հետընդունման (ռեադմիսիայի) պայմանագրերի շուրջ բանակցությունների ակտիվացումը: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է մրցակցային եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանը լուրջ եւ շոշափելի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: ԱԺ  նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բացառապես խաղաղ եղանակով կարգավորմանը` ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակում:

Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես կարեւորել է հիմնախնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցությունների արդյունքում` ընդգծելով, որ չկարգավորված հակամարտությունները  խոչընդոտում են  տարածաշրջանի զարգացումը: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը խաղաղ եւ համերաշխ տարածաշրջան ունենալու ուղղությամբ: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ