Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 14-ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գեւորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել եւ օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել: Այդ մասին հայտնում է Գյումրիի նոր քաղաքապետ Սամվել բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
Վերջինիս խոսքով, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100 հազար դրամ, չի կարող իրատեսական լինել: Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին եւ կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր, կեսօրից հետո, մեքենան անհետացել է:
Նշենք, որ փաստն ուշագրավ է այնքանով, որ այդ ժամանակ դեռ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը, իսկ Գեւորգ Ղուկասյանը նրա եղբայրն է: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ղուկասյանն իր պաշտոնավարման վերջին օրերին օտարել է քաղաքապետարանի գույքի մի մասը:




























