News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչեւ 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարեւորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին եւ ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երեւանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:   

«Երեւան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը եւ նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա «ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով», որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երեւանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով «Երեւան, իմ սերը» շատ նման է  «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլեւ որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:

2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական եւ մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը եւ ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով եւ կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը եւ մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է <<Դամֆրիների տան>> վերականգնման խանդավառ աջակիցը: 

Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ եւ օտարալեզու ձեռագրեր եւ 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն եւ գիտություն, քերականություն, արվեստ եւ այլն:

Ուելսի Արքայազնը եւ Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:

Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր կենտրոնը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:

Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երեւանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն եւ գալա ընթրիք ի պատիվ <<Երեւան, իմ սեր>> ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երեւանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարեւանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր եւ Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաեւ մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար եւ համայնքային գործունեության կենտրոն:

«Երեւան, իմ սեր»-ը «ժառանգության օազիս» է ստեղծելու Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների եւ մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական եւ համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

«Երեւան, իմ սերը» նախատեսում է Երեւանում հիմնել նաեւ Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին եւ գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր «Հայդ Փարք» զբոսայգին, Երեւանն էլ կունենա իր «Հայ Փարքը», որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի:

Երեւանն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին եւ 30 տարով տարեց է Հռոմից: Արմեն Սարգսյանն ասում է. «Երեւան, իմ սեր» ծրագրի գերագույն նպատակն է համագործակցել Երեւանի յուրաքանչյուր բնակչի հետ` հանուն քաղաքի հարուստ ժառանգության եւ բացառիկ էության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ