News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունենալու Հայաստանի ԱԻՆ նվագախմբի 3-ամյակին նվիրված համերգ։

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ փողային նվագախումբը ստեղծվել է 2010 թ.` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ: Նվագախմբի ղեկավար Մանվել Ութուջյանը, նախարարից հանձնարարական ստանալով, իր տեղակալի` Համլետ Ադամյանի հետ անցավ գործի։ Հավաքվեց երաժիշտների խումբ, երաժշտական գործիքներ, սկսվեցին փորձերը։ Ընդամենը մեկ ամիս անց Ա. Երիցյանին արդեն հրավիրեցին ներկա գտնվել նվագախմբի փորձին եւ ունկնդրել կատարումները։

Առաջին անգամ նվագախումբը ելույթ է ունեցել 2010 թ. օգոստոսին, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում` Ճապոնիայի կառավարության նվիրած նոր հրշեջ-մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ելույթները հաջորդում էին իրար` սեպտեմբերի 4-ին նշվող Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթներ ու հանդիսավոր նիստեր, պատվավոր հյուրերի ընդունելություն, Էրեբունի-Երեւան տոնակատարություն, Հաղթանակի օր, Ամանոր, Մարտի 8, Մայրության եւ գեղեցկության տոն, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ԱԻՆ աշխատակիցների պարգեւատրման արարողություն եւ այլն։

2011 թ. ապրիլի 7-ին ԱԻՆ նվագախումբը Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ, համերգային ծրագրով շնորհավորել է նախարարությունում աշխատող բոլոր կանանց եւ աղջիկներին:

Համերգով նվագախումբը հանդես է եկել Երկաթուղայինների օրվա կապակցությամբ Էրեբունի պուրակում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի բացման արարողությանը:

Մայիսի 9-ին Սախարովի հրապարակում նվագախումբը ելույթ է ունեցել Հայրենական պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 15-ին Գյումրիում անցկացվել է փողային նվագախմբերի փառատոն, եւ ԱԻՆ նվագախումբը հանդես է եկել որպես ցուցադրական նվագախումբ:

2011 թ. հուլիսին նվագախումբը մեծ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում` տոնելով իր հիմնադրման մեկ տարին:

Համերգային ծրագրով ելույթներ են եղել Սիրահարների այգում կազմակերպված «Պուշկինյան օրեր» խորագրով միջոցառմանը եւ «Գրքի մայրաքաղաք» տոնակատարությանը։

2011 թ. բարեգործական համերգներ են կազմակերպվել Խարբերդի եւ Մարի Իզմիրյան մանկատներում, իսկ 2012-ին` Նորքի տուն-ինտերնատում։

2012 թ. Լեռնային Ղարաբաղում անցկացված փողային նվագախմբերի փառատոնին ԱԻՆ նվագախումբը եւս ներկայացվել է որպես ցուցադրական նվագախումբ:

Նույն տարվա հունիսի 15-ին ՀՀ խորհրդանիշերի` դրոշի, զինանշանի եւ հիմնի օրվա առթիվ ելույթներով է հանդես եկել նաեւ ԱԻՆ նվագախումբը:

2013 թ. մայիսի 9-ին նվագախումբը պուրակում համերգային ծրագրով հանդես է եկել Երկրորդ աշխարհամարտի վետերանների համար, որտեղ ներկա էին նաեւ ռուս վետերաններ, որից հետո նույն օրը եւս մեկ համերգ է կայացել Դավթաշենի պուրակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news