Պակիստանի լեռներում գտնվող ռուսաստանցի ալպինիստների խումբն արդեն երկրորդ օրն է՝ կապի դուրս չի գալիս, հայտնել է Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի գործադիր տնօրենԱլեքսեյ Օվչիննիկովը:
Նրա խոսքով, խմբի հետ վերջին անգամ կապ է հաստատվել հունիսի 23-ի առավոտյան: Ալպինիստներին նախազգուշացրել են տվյալ տարածքում գտնվելու վտանգավորության մասին՝ Նանգա-Պարբատ լեռան վրանային ավանի վրա ահաբեկիչների հարձակումից հետո: Զբոսաշրջիկները խոստացել են վերադառնալ ճամբար:
Ըստ կանխատեսումների, նրանք պետք է վերադառնային հունիսի 24-ի երեկոյան, սակայն մինչ այժմ նրանց հետ կապվել չի հաջողվել:
Օվչիննիկովի խոսքով, ռուսաստանցի ալպինիստների մեկ այլ խումբ՝ բաղկացած 9 անձից, նախօրեին բարեհաջող տարհանվել է Իսլամաբադ:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Պակիստանի հյուսիսի լեռներում թալիբները սպանել էին 10 օտարերկրյա ալպինիստների: Ահաբեկիչները ներխուժել էին վրանային ավան, ալպինիստներին հանել դուրս եւ գնդակահարել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էին «Ջունդուլլահ» խմբավորումն ու պակիստանյան թալիբները:




























