Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտը, որը գտնվում է Շելեխով քաղաքում, որտեղ մեկ ամիս առաջ վարակվել էր աշխատակցուհի Դարյա Շիպիլովան, ավելի քան մեկ տասնամյակ նախազգուշացումներ է ստացել վերահսկող մարմիններից, որոնք հայտնաբերել են անվտանգության կանոնների խախտումներ, արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրերի թերմշակում և ղեկավար կազմի անբավարար պատրաստվածություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության հունիսյան զեկույցում նշվել էր, որ կազմակերպությունը միջոցառումներ չի նախապատրաստել շենքերն ու սարքավորումները վարակազերծելու համար՝ լաբորատորիայի սահմաններից բակտերիաների չկանխամտածված դուրս գալու դեպքում, առցանց հաշվետվությունների վերլուծության արդյունքների հիման վրա հայտնել է The Wall Street Journal-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգ անգամ դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել կատարվածի մասին՝ Շիպիլովայի մահվան հետ կապված վտանգի աստիճանը որոշելու նպատակով, գրել է թերթը։ Սակայն ռուս պաշտոնյաները միայն կրկնել են իրենց հրապարակային հայտարարությունը՝ նա մահացել է անհայտ ծագման թոքաբորբից։
Ընդ որում, ինչպես պարզվել է, գիտահետազոտական ինստիտուտը համագործակցել է ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ «[Ռուսաստանի] առողջապահական մարմիններն ակտիվորեն ԱՀԿ-ից թաքցնում են այն, ինչ իրականում տեղի է ունենում», — WSJ-ին ասել է մանրէաբան Ալիսա Լիտովկան, որն աշխատել է Ռուսաստանի տարբեր լաբորատորիաներում, սակայն քաղաքական պատճառներով հեռացել է երկրից։
Շիպիլովան մահացել է հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Շելեխովի շրջանային հիվանդանոցում։ ԱՀԿ-ի՝ համաճարակների և համավարակների դեմ պայքարի գծով տնօրեն Մարիա Վան Կերկհովեն հոկտեմբերի 7-ին ասել էր, որ կազմակերպությունը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչպես և ինչ վիրուսային հիվանդությամբ է նա վարակվել։ Եթե թոքային ժանտախտը բացառված է, ինչպես պնդում են Ռուսաստանի իշխանությունները, «ապա ինչի՞ց է նա իրականում մահացել», — այն ժամանակ հայտնել էր Վան Կերկհովեն։
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ գիտահետազոտական ինստիտուտում կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով «ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատելիս վթարային իրավիճակներ չեն հայտնաբերվել», և այդ եզրակացությունները հաստատվել են «Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի հանձնարարությամբ ինստիտուտ ուղարկված փորձագիտական հանձնաժողովի կողմից»։
Սակայն ԱԻՆ-ի հունիսյան զեկույցում նշվել էր, որ օբյեկտում բացակայում էին ապաակտիվացման և գազազերծման միջոցների պաշարները, զեկույցի տվյալները մեջբերել է WSJ-ը։ Ինստիտուտին խիստ նախազգուշացում էր տրվել։ Մեկ այլ՝ սեպտեմբերյան զեկույցում նշվել էր, որ գիտահետազոտական ինստիտուտի քաղաքացիական պաշտպանության պլանը չէր թարմացվել՝ հաշվի առնելով նոր տեղեկությունները, իսկ քաղաքացիական պաշտպանության պատասխանատուն լրացուցիչ վերապատրաստում չէր անցել։
Դեռ 2015 թվականին ինստիտուտը նախազգուշացում էր ստացել շինություններում պարտադիր ավտոմատ հրդեհային ազդանշանային համակարգերի բացակայության համար։ 2019 թվականին չէին պատրաստվել կենսաբանական վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Սակայն դա, ըստ երևույթին, չի խանգարել գիտահետազոտական ինստիտուտին շարունակել աշխատել ժանտախտի հետ։ Ամռանն այն մասնակցել է «վարակային սպառնալիքներին» հակազդելու առաջին ռուս-չինական զորավարժություններին, որոնցում ներգրավված են եղել շարժական լաբորատորիաներ։
Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին, երբ ԽՍՀՄ-ը ստիպված էր ակտիվորեն մշակել ժանտախտի դեմ պայքարի միջոցներ։ Սառը պատերազմի տարիներին դրա տնօրեններից մեկը դարձել է արևմտյան կենսաքիմիական զենքից պաշտպանության միջոցների մշակման խորհրդային ծրագրի հիմնադիրը։ Արևմտյան գիտնականները պնդում են, որ շուտով այն վերածվել է հարձակողական կենսաբանական զենքի մշակման քողարկման վայրի, որտեղ աերոզոլներով տարածվող ժանտախտը նշանակալի դեր էր խաղում։
Ինստիտուտի և պաշտպանության նախարարության միջև կապերը պահպանվում են, գրել է WSJ-ը՝ վերլուծելով պետգնումների մասին տվյալները։ Անցյալ տարի նրանք համատեղ զբաղվել են լաբորատորիայի արդիականացմամբ․ նախարարության միջոցներն օգտագործվել են այն նոր սարքավորումներով հագեցնելու համար։





























