Լուսակերտում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, 4 օր շարունակ զորամասը լքած 21-ամյա Տարոն Հայրունին այժմ գտնվում է զորամասում, նրա հետ ամեն ինչ նորմալ է: Զինծառայողի եղբայրը` Արամը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրան զորամաս տանելուց հետո եղբորը չի տեսել, որեւէ տեղեկություն չունի: «Պետք է որ լավ լինի, խնդիր չկա»,- նշեց եղբայրը:
Մեր տեղեկություններով` զինծառայողի` զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում պատրաստված նյութերը այսօր կուղարկվեն ՊՆ քննչական ծառայություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել է Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Նա հուլիսի 1-ի առավոտյան՝ ժամը 11.00-ի սահմաններում, կամավոր գնացել եւ ներկայացել է զորամաս:





























