Լուսակերտում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, 4 օր շարունակ զորամասը լքած 21-ամյա Տարոն Հայրունուն զորամաս են տարել հարազատները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա եղբայրը` Արամը:
Նա նշեց, որ հուլիսի 1-ին վերջինս զանգահարել է իր ընկերոջը, հայտնել իր տեղը, եւ իրենք գնացել են, նրան վերցրել ու տարել զորամաս: Դրանից հետո զինծառայողը զրույց է ունեցել իր հրամանատարների հետ, իսկ հետո նրան տարել են Ռազմական ոստիկանություն: «Իր տեսքը նորմալ էր, որեւէ վնասվածք չկար: Ինքը հետո ասաց, որ իր մոտ սթրես է եղել, ստուգել են: Ինքը ոնց որ ցնորքների մեջ էր, ոչինչ չէր խոսում, գլուխը կախ էր, ամաչում էր իր արածի համար, ինքը փոքրուց էլ ամաչկոտ էր: Նման չէր իր սովորական վիճակին»,- պատմեց եղբայրը:
Նա նշեց, որ եղբայրը որեւէ հարցի չի պատասխանել, մասնավորապես, թե որտեղ է եղել այս օրերին եւ ինչու է լքել զորամասը: Արամը չի կարծում, թե Տարոնի զորամասը լքելու պատճառը սիրած աղջիկ ունենալն է, քանի որ նա ընկերուհի չունի: Հավանական վարկածներից չի համարում նաեւ այն, որ զինծառայողը ծառայակից ընկերների, հրամանատարների հետ խնդիրներ ունենա, քանի որ «ինքը բարձրագույն ավարտած տղա է, ճնշվող չէ»:
Արամն ասաց, որ ծնողները դեռ որդուն չեն տեսել, չգիտեն էլ, թե երբ թույլ կտան նրան տեսնել: «Կարեւորն այն է, որ ինքը ողջ-առողջ է, մնացածը երկրորդական է»,- ասաց եղբայրը: Նա նշեց, որ իրենք էլ աշխատում էին հարցեր չտալ, ուրախ էին, որ նա հայտնվել է: Թե ինչ է եղել Տարոնի հետ կամ ինչն էր նրա զորամասը լքելու պատճառը, եղբայրն ասաց, որ ավելի մանրամասն կիմանա առաջիկա օրերին, երբ զրուցի ոստիկանների հետ:
Նշենք, որ Տարոն Հայրունու մայրը հայտարարություն է տարածել, որով շնորհակալություն է հայտնել որդուն հայտնաբերելու գործում իրենց աջակցած անձանց: «Որեւէ առիթ չեմ ունեցել առնչվելու ոստիկանության, հատկապես՝ ռազմականի հետ: Հոգեկան խորը ճգնաժամի մեջ գտնվելուս երեք օրերի ընթացքում, երբ Լուսակերտի զինվորական զորամասից անհետացել էր որդիս՝ Տարոն Հայրունին, եւ ինձ թվում էր, թե կյանքս ավարտված է, եւ ես միայն վշտի եւ անորոշության թույնն եմ ըմպելու այսուհետ, իմ եւ իմ ընտանիքի կողքին կանգնեցին ՀՀ ՌՈ աշխատակիցները: Նրանք արձագանքեցին առաջին իսկ ահազանգին անմիջապես, ժամերով մեր կողքին էին, լսում, քննարկում, պարզաբանում էին ամեն մի մանրուք, ոչ միայն ի պաշտոնե, այլեւ հոգեբանորեն զորակցում էին մեզ, ճիշտ ճանապարհով տանում որոնողական աշխատանքները: Ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Արմեն Մնացականյանը, իմ հոգու ամենաճգնաժամային պահին ինձ հետեւյալն ասաց շատ վստահաբար. «Մենք կգտնենք ձեր որդուն եւ զորամաս կվերադարձնենք,- եւ ի զարմանս ինձ՝ խորհուրդ տվեց. Դուք միայն աղոթեք Աստծուն»:
Հավատացեք, ուրախության, երջանկության ջերմ ու առատ արցունքներով եմ գրում այս ամենը եւ իմ շնորհակալությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ` գտնելու որդուս. մեր ընտանիքի հարազատներին, ծանոթ-բարեկամներին, հարեւաններին եւ առանձնապես ՀՀ ՌՈ Կոտայքի եւ Վարդենիսի տարածաշրջանների, Հանրապետության ոստիկանության գլխավոր վարչության՝ մեզ աջակցած ողջ անձնակազմին՝ իրենց բարձր մասնագիտական, հոգեբանական ճիշտ, իրոք մարդասեր աշխատանքի համար»,- գրել է մայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել է Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Նա հուլիսի 1-ի առավոտյան՝ ժամը 11.00-ի սահմաններում, կամավոր գնացել եւ ներկայացել է զորամաս:



























