Վանաձորի մանկատան շրջանավարտ, երկկողմանի ծնողազուրկ Ռոման Կուդաշինը երկու տարի է՝ դատական քաշքուկների մեջ է։ Դատարանը նրան չորս տարվա ազատազրկման է դատապարտել գողության համար։ Ռոմանն իր մեղավորությունը չի ընդունում եւ հիմա փախուստի մեջ է։ Ռոմանի կինը՝ Թագուհին, որը նույնպես մանկատան նախկին սան է, մնացել է մենակ եւ հուսահատ վիճակում է։ Թագուհի Քոչարյանի հետ զրուցել է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը։

2011թ. հունիսին գողություն է կատարվել Վանաձորի մանկատնից, գողացել են 150.000 դրամ արժողությամբ երաժշտական կենտրոն: Ռոմանից բացի նույն գործով երկու այլ դատապարտվածներ կան։ Ընդ որում, նրանցից մեկը՝ Արթուրը, որն ընդունել է իր մեղավորությունը, դատարանում հայտարարել է, որ Ռոմանը գողության հետ որեւէ կապ չունի։ Վանաձորի մանկատունը եւս որեւէ բողոք-պահանջ Ռոմանի հանդեպ չունի։ Իրենց 10 տարվա սանի մասին այստեղ միայն դրական են խոսում։ Ռոմանի կինը վստահեցնում է, որ ամուսնուն դատել են առանց ապացույցների։  «Ոչ մատնահետք կա,  ոչ էլ վկա», - ասում է Թագուհին, որը վստահ է, որ Ռոմանը կարդարացվեր, եթե իրենք «մեջք ունենային» կամ գումար՝ նորմալ փաստաբան վարձելու համար։ «Ես էլ, Ռոմանն էլ անտեր երեխեք ենք, ոչ մեկ չկար մեր մեջքին կանգնող, որ մեզ օգներ…»,- ասում է Թագուհին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Ռոմանը բողոքարկել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, սակայն որոշումը չի փոխվել։ Ռոմանն էլ որոշել է փախուստի դիմել։ «Ինչո՞ւ գնա նստի, երբ ինքը դա չի արել»,- ասում է կինը։ Նա նաեւ չի հասկանում, թե ինչու է դատավորն այդքան խիստ պատիժ սահմանել. «Չորս տարի 150 հազար դրամ արժողությամբ երաժշտական կենտրոնի գողության համա՞ր»։

Ամուսինների պահանջը նոր նախաքննությունն է։ Թագուհին համոզված է, որ արդար նախաքննությունը կհաստատեր ամուսնու անմեղությունը։

Ռոմանն ու Թագուհին նույն մանկատանն են մեծացել, ամուսնացել են, երբ Ռոմանը վերադարձել է բանակից։ Երեխա դեռ չունեն։ Թագուհին ասում է, որ դատական քաշքշուկների պատճառով երկու անգամ երեխա է կորցրել։ Խոստովանում է, որ մի քանի անգամ ցանկացել է կյանքին վերջ տալ. «Ամեն անգամ, երբ ուզում եմ ինքնասպան լինել, Ռոմանն է աչքիս առաջ գալիս, ախր ինքը էս աշխարհում միայն ինձ ունի, ես էլ իրեն, բա որ գա տուն ու տեսնի որ ես էլ չկամ…»:

Էդվարդ Արզումանյան

Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի