Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ադրբեջանական կողմի գործողություններին հայկական կողմի արձագանքը զուսպ է եւ անհամարժեք:
Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես նշել է.
«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առնչությամբ հնչող բազում հարցերին ի պատասխան ներկայացնենք հետեւյալը
Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ եւ անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, եւ պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասին բազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ այն, որ հայկական կողմն առանց որեւէ պատճառի երբեւիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել:
Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականը կտրականապես անընդունելի է, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը: Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձեւերին եւ մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է:
Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, եւ դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի եւ հնարամտության» շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները եւ պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական եւ ոչ էլ մարտավարական առավելություն:
Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաեւ չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին եւ նպատակներին:
Նշենք, որ ilur.am-ին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջեւ, որի լուծումը ահռելի ջանքեր եւ բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում»։