Ուկրաինան շահագրգռված է մալազիական Բոինգի ողբերգության օբյեկտիվ հետաքննությամբ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Դեսպանը հիշեցրեց, որ կործանումից հետո ողբերգության պատճառների հետաքննության համար պետական հանձնաժողով էր ստեղծվել: «Մեր տվյալներով՝ օդանավին հարվածել են Դոնեցկի շրջանի տարածքում, որը վերահսկվում է զինյալների կողմից: Ուկրաինան բոլոր ապացույցներն ունի եւ պատրաստ է միջազգային հանրությանը այն մասին, որ օդանավին հարվածել են Ռուսաստանից մատակարարվող անջատողականների սպառազինությամբ», - հայտարարեց Իվան Կուխտան:
Ի պատասխան հարցին՝ մասնավորապես ինչ ապացույցներ կան Ուկրաինայի ձեռքին, դեսպանը նշեց, որ ապացույցները կփոխանցվեն հետաքննական հանձնաժողովին: «Դրանք բանակցությունների ձայնագրություններն են, մի շարք փաստաթղթեր, օդաչուների նշումները, թռիչքի, հետագիծը, դիսպետչերական գրառումներ»:
Լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այն հանգամանքը, որ միջազգային փորձագետները երկար ժամանակ չէին կարողանում օդանավի անկման վայրին մոտենալ, դեսպանը հայտարարեց, որ դա «ինչ-ինչ փաստեր թաքցնելու գիտակցաբար արված քայլ է»:
Դեսպանն ընդգծեց, որ Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ զենքը մատակարարվում է Ռուսաստանի տարածքից, այդ թվում՝ մի քանի չվերահսկվող անցագրային կետերով: Զինյալները չեն կարող պարսատիկերից հարվածել ինքնաթիռին: Սոցկայքերում այդ անջատողականները ակտիվորեն հաղորդում էին հարվածած ռազմական ինքնաթիռների մասին: Սակայն ուղեւորատարի կործանման մեջ հերքել են իրենց մասնակցությունը՝ դրա համար համապատասխան միջոց չունենալու պատճառաբանությամբ»:
Հարցին՝ կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանը հովանավորում է ահաբեկչությունը, դեսպանը հայտարարեց, որ ուկրաինական կողմը կպնդի զինյալներին ահաբեկիչ ճանաչմանը:
«Նրանց աջակցող երկիրը պետք նույն պատասխանատվությունը կրի այդ մարդկանց աջակցության համար: Տվյալ դեպքում Ռուսաստանը օգնում է զինյալներին, նշանակում է վերջինս նպաստում է Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում տեղի ունեցող գործընթացին», - հայտարարեց դեսպանը:
Նա նաեւ հաղորդել է, որ ԵՄ եւ գործընկեր-երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայանալիք նիստին Ուկրաինայի արտգործնախարարը կտեղեկացնի ինքնաթիռի կործանման ուկրաինական կողմի տրամադրության տակ եղած փաստերի մասին: