Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը, որը հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու դիմել էր Ադրբեջանին, այժմ էլ գրավոր դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
«Դիմել եմ Նաիրա Զոհրաբյանին եւ Արմեն Մարտիրոսյանին՝ բացատրելու համար, թե ինչու եմ քաղաքական ապաստան խնդրում Ադրբեջանից: Բայց նրանցից ոչ մի ակնկալիք չունեմ, ուղղակի ուզեցել եմ պատմել, թե ով եմ ես, ինչ տաղանդավոր մարդ կկորցնի Հայաստանը, եթե ես գնամ, բայց ոչ մի արձագանք: Երկուսն էլ չեն պատասխանել: Նման վերաբերմունք չէի սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյուբիկ Չիբուխչյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանից նույնպես ոչ մի պատասխան չկա, սակայն նա հույսը չի կորցնում:
Նշենք, որ Լյուբիկ Չիբուխչյանին աշխատանքից ազատել է Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ դառնալուն պես: Դրանից անմիջապես հետո էլ վերջինս որոշեց հեռանալ Հայաստանից եւ ապաստան խնդրել Ադրբեջանից:
Լուսանկարը՝ «Առավոտի»