Ազգային ժողովի ՀՀԿ խմակցության պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ Արցախի պաշտպանության հարցում պետք է համբերատար լինել, քանի որ ԼՂՀ բանակը ամեն ինչ անում է ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով:
NEWS.am թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը ոչ մի վայրկյան չի կասկածել, որ մերոնք նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս կբերի չեզոք գոտուց:
«Մենք չենք խոսում, մենք գործում ենք: Մեր հակահարվածները շատ բուռն են: Պարզապես մենք պետք է շատ համբերատար լինենք եւ վստահենք մեր բանակին, ինչպես սպորտի մեջ, երբ մարզիկը բարկանում է, շուտ պարտվում է, նույնն էլ մենք ենք, պետք է համբերատար լինել, ամեն ինչ իր հունով գնում է: Թե որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը, չպետք է խոսել: ուղղակի սպասենք մեր բանակի գործողություններին,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: