News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պայքարն ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում: Այս մասին մարտի 2-ին Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բացման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը եւ Ջեբրան Բասիլը։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Մերձավոր Արեւելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների եւ կրոնների, ներառյալ՝ քրիստոնեության բնօրրան: Ցավոք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումների մասին տագնապալից լուրերը հաճախակի են դարձել: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը եւ Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը միայն այսօրվա երեւույթ չէ: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս: Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության եւ աջակցության համար»։

«Որեւէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրայում եւ Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» եւ այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը:

Ահաբեկչական այս խմբավորումները մեծապես օգտվում են օտարերկրյա գրոհայինների ու ֆինանսական հոսքերից։ Նրանք սպառնում են կրոնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյությանը: Ուստի պայքարը այդ ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում։

Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։ Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարեւան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար կատարմանը:

2014թ. մարտի 21-ին Ալ Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցված թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբի վրա, որի հետեւանքով տեղի բնակչությունը հարկադրված էր լքել իրենց օջախները: Ծայրահեղական խմբերը պղծեցին եւ ավերեցին Քեսաբի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգությունը», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` նախարար Նալբանդյանը նշել է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զորը եւ շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց Հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին եւ պղծեցին սրբավայրը»:

«Մշակութային գլուխգործոցների կործանումը, որը, սովորաբար, հաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց հիշողությունը, կործանելու հազարամյա պատմություն ունեցող հինավուրց մշակույթները եւ քաղաքակրթությունները: Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների` Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների եւ Նախիջեւանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին: Այս բարբարոսության հետ կապված Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ICOMOS) հայտարարեց, որ «այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժեքավոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձերի շարքում, այլեւս չի կարող փոխանցվել հաջորդ սերունդներին»:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր, հետեւողական եւ շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ