Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է ներկայացրել մասնակցելու դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական համալիր եւ դատակենսաբանական փորձաքննություններին: Այս փորձաքննությունների շրջանակներում պետք է հետազոտվի Պերմյակովի զենքը, փամփուշտները, հագուստը, դեպքի վայրը: Արդյունքում պարզ կլինի՝ բոլոր փամփուշտները նույն զենքից են արձակված, թե ոչ, խլացուցիչ տեղադրելու հնարավորություն կա, թե ոչ եւ տեղադրման հետքեր կան, թե ոչ:
«Փորձաքննություններին ներկա գտնվելու նպատակը ոչ թե կոնկրետ պրոցեսը տեսնելն է, այլ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, դրա միջոցով արագացնենք պրոցեսը»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: