Այստեղ բարձրախոսները չմիացնեք, եկեք չերկխոսենք, չդիալոգենք, չդեմագոգենք, այստեղ բարձրախոս չպիտի միացվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե ինչու մինչեւ հիմա թույլատրվում էր բարձրախոս միացնել, իսկ հիմա որոշել են թույլ չտալ, Օսիպյանը պատասխանեց. «Որովհետեւ եղավ նախագահի հայտարարությունը: Նաեւ փաստ է, որ «Ոչ թալանին» շարժումը տեղափոխվեց Ազատության հրապարակ, իսկ հիմա այս նոր շարժումն ուղղորդվում է այլ ուժերի կողմից, որոնց մոտ նույնպես բացակայում են բոլոր օրինական փաստաթղթերը:
Մենք ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածներին հետ որեւէ առնչություն ունենալ: Մենք միայն չենք թողնում որ ավելորդ քաշքշուկ ու լարվածություն լինի»:
Դիտարկմանը, թե նախագահի հայտարարությունից մեկ օր անց դեռ թույլ էիք տալիս բարձրախոս տեղադրել, հանրահավաք անել, Օսիպյանը պատասխանեց. «Իմ դիտարկմամբ այս շարժումը էապես տարբերվում է «Ոչ թալանին» նախաձռնության կազմակերպածից: Անգամ նրանց կազմակերպված լինելն էլ է տարբերվում»:
«Եթե դուք իմ հորդորներին չհետեւեք, ես դա կհամարեմ ոստիկանության դեմ սադրանք, որ դուք միտումնավոր անում եք այն, ինչն անթույլատրելի է եւ դա բախում ստեղծելու ցանկություն է, Ես ձեզ զգուշացրեցի»,-ասաց նա ու հեռացավ:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: