News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Նման պետական տոների ժամանակ յուրաքանչյուր ժողովուրդ հայացք է նետում իր անցյալին, անցած ուղուն: Այս առումով ամերիկյան ժողովուրդը կարող է հպարտանալ իր նվաճումներով՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում արձանագրած մեծ հաջողություններով:

Մենք խորապես արժեւորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը եւ ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան բազմաոլորտ համագործակցության խորացումը եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցությունը: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական եւ տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ներկայում եւս Միացյալ Նահանգները շարունակում է տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության ծրագրեր իրականացնել Հայաստանում:

Հայ-ամերիկյան հարաբերություններում ընթացիկ տարին նշանավորվեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող վիզային ռեժիմի դյուրացմամբ, ՀՀ եւ ԱՄՆ միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ ու վերջերս կայացած ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերության կողմից «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գնման գործարքով: Դա ամերիկյան խոշոր կապիտալի անդրանիկ մուտքն է Հայաստանի տնտեսություն, եւ հուսով ենք, որ այն կքաջալերի այլ ներդրողների եւս հետեւել այս օրինակին: Այս համատեքստում ցանկանում եմ նաեւ առանձնացնել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի արդյունավետ գործունեությունը նոր հեռանկարներ կբացի մեր երկրների համար: Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ շնորհավորել Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, այլեւ հուսալի կամուրջ են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններում:

Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան եւ Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն եւ բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ