Ազատության հրապարակում հոսանքի թանկացման դեմ բողոքի արդեն 3-րդ օրը հացադուլ անցկացնող ակտիվիստ, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին «Շտապօգնությունը» երեկ էլ, այսօր էլ, մոտեցել է եւ սպասարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ իրենք մեկնում են ըստ կանչի, եւ եթե կանչ չի լինում, չեն գնում: Իսկ հացադուլավորների դեպքում անհրաժեշտ է, որպեսզի գրավոր այդ մասին ներկայացնեն, որպեսզի հերթապահություն սահմանվի կամ համապատասխան մարմինը ցուցում տա հերթապահություն սահմանելու: Երեկ էլ, այսօր էլ «Շտապօգնությունը» գնացել է Ազատության հրապարակ, Դավիթ Սանաասարյանի ճնշումը ցածր է եղել, առաջարկել են հիվանդանոց տեղափոխել, ինչից նա հրաժարվել է:
Նշենք, որ նստացույցի մասնակից ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը հայտարարել է, թե ինքը մի քանի անգամ զանգահարել է «Շտապօգնություն», որից հետո Շտապօգնությունը ժամանել է:
«3 օրվա մեջ «Շտապօգնությունը» ընդհանրապես չի մոտեցել: Երբ զանգահարեցի «Շտապօգնություն», ներկայացա, որպես ազատամարտիկ Սուսաննա Մարգարյան ինձ ուզում էին համոզել, որ տվյալ գործողությունը «Կարմիր խաչի» վրա է ընկնում»,- ասել է Սուսաննա Մարգարյանը՝ նշելով, որ դրանից հետո զանգահարել է «Կարմիր Խաչ», այնուհետեւ ահազանգել է նաեւ Առողջապահության նախարարություն, որից հետո եւս մեկ անգամ զանգահարել է «Շտապօգնություն», որից հետո նոր անձնակազմ է ժամանել:
Նշենք, որ այս գիշեր Ազատության հրապարակում լուսացրել են մի քանի տասնյակ ցուցարարներ: Գիշերը միջադեպեր չեն գրանցել: Ազատության հրապարակում հսկողություն անցկացնող ոստիկանների թիվը մեծ չէ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել: Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: