Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։
ՔԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում են, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որեւէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երեւույթներ, եւ նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ հակահասարակական բնույթը եւ ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։
Միաժամանակ փորձագետները նկարագրել են Վ.Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք էապես ազդել են տվյալ իրավիճակում նրա վարքի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները հայտնի են: Այս մասին հայտնել էին իրավապահ մարմիններում մեր աղբյուրները: Ըստ այդ արդյունքների՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել:
Հիշեցնենք, որ համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, մասնակցել են նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:
Նշենք, որ ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը հոգեպես առողջ էր ճանաչվել, թեեւ արձանագրվել էին որոշ շեղումներ։