Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած երթուղային ավտոբուսի վարորդի՝ Սուրեն Ստեփանյանի մոտ նույնպես առողջական խնդիրներ են առաջացել:
«Լսողական ապարատի խնդիրներ ունեմ, բժիշկների հսկողության տակ եմ: Պետք է նորից ստուգումների գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդը:
50-ամյա Սուրեն Ստեփանյանը շուտով աշխատանքի կվերադառնա:
Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:
ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: