News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում ընդունելություն է տեղի ունեցել Լեհաստանի ազգային տոնի` Սահմանադրության օրվա առիթով: 

Լեհական «Պոլոնիա» միության «Գվյազդոչկա» երգչախումբը կատարել է  Լեհաստանի եւ  Հայաստանի ազգային օրհներգերը, ինչպես նաեւ լեհական ավանդական   3 երգ` «Չեռվոնե կորալե», «Չեռվոնե յագոդի» եւ «Լիպկա»:

Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք: 

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու խոսքով, Լեհաստանի սահմանադրությունը Եվրոպայում առաջին սահմանադրությունն է եւ աշխարհում երկրորդը` ԱՄՆ-ի սահմանադրությունից հետո: Դիվանագետի խոսքով, դա խորհրդանշում է ժողովրդավարության եւ անկախության ուժը: «Ես բազմիցս հայտնել եմ, որ Հայաստանը պատմականորեն կապված է Լեհաստանին: Այսօր կնշեմ, որ ներկան եւս կապում է մեր երկրներին: Այդ մասին է վկայում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառության զարգացումը եւ հայ-լեհական բիզնես ֆորումը, որը Հայաստանում ընթացել է երկու շաբաթ առաջ», - նշել է Նովակովսկին: 

Լեհական մեծ ընկերություններ, շարունակել է դեսպանը, շահագրգռություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարելու, որովհետեւ այն դիտարկում են որպես գործընկեր երկիր` շուկա ելքի հսկայական հեռանկարներով: Եժի Մարեկ Նովակովսկին նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության խորացումը, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ խթան կդառնա երկու երկրի սերտ համագործակցության համար եւ կարագացնի վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը:  

Հայաստանի քաղաքացիները, ընդգծել է դեսպանը, Լեհաստանում ցանկալի հյուրեր են:  «Հայաստանը եւ Լեհաստանը միմյանց հետ կապված են նաեւ քրիստոնեական հնագույն ավանդույթներով: Հայաստանին եւ Լեհաստանին կապում է բազմադարյա պատմությունը, տնտեսությունը եւ մշակույթը: Ես համոզված եմ, որ մեր համընդհանուր արժեքների հիման վրա մեզ կհաջողվի հասնել համագործակցության ամրապնդման նաեւ  ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում», - ընդգծել է Եժի Մարեկ Նովակովսկին: Գալիք`    2017 թվականին, հավելել է դեսպանը, նշվելու է Լեհաստանում հայ համայնքի   650-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ