Գյումրիում 2015թ. հունվարի 15-ին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից օրեր անց, տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով նախաքննությունը շարունակվում է: Ըստ գործով քննիչների՝ կան քննչական գործողություններ, որոնք դեռ պետք է կատարվեն:
«Ես հարցում եմ ուղարկել նախաքննական մարմնին, պատասխանել են, թե մի քանի քննչական գործողություններից հետո մանրամասներ կհայտնեն: Սակայն այս 1,5 տարվա ընթացքում ոչ մի առերեսում չի եղել, փորձաքննության ոչ մի եզրակացությանը մենք չենք ծանոթացել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներից Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը:
Ըստ տարբեր տեղեկությունների՝ նախաքննական մարմինը սպասում է, թե ինչ հանգուցալուծում կստանա Ավետիսյանների սպանության գործը, որից հետո ամենայն հավանականությամբ, բախումների գործն էլ կկարճեն:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ցուցարարները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ այդ ժամանակ բախումներ էին տեղի ունեցել: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան: Մեղադրյալների թիվը պաշտոնապես չեն հայտնում: NEWS.am-ի տեղեկություններով, սակայն, նրանց թիվը 19-ն է: Ի դեպ, մեղադրյալներից 3-ի անունն է հայտնի միայն՝ Մնացական Ալեքսանյան, Անուշավան Հարությունյան եւ անչափահաս Սամվել Սարգսյան: Թե ովքեր են մյուսները, իրավապահ մարմինները գաղտնի են պահում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: