ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար դոնոր կազմակերպություններ գտնելու հարցում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Եկեք՝ պայմանավորվենք, որ Կառավարությունը բաց ու թափանցիկ կգործի, կդիմի դոնոր կազմակերպություններին՝ այս կերպ մեզ վստահեցնելով, որ ուզում է դա անել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին։
Ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ այս համաձայնությունը ձեռք է բերվել շատ դժվարությամբ է. «Չենք ուզում, որ այստեղ մեկը լինի այս գործի քաղաքական հայրիկը, իսկ մյուսները կարծես լավ չեն աշխատում։ Կառավարությունը դիմել է դոնորներին, դա շատ լավ գիտեք Դուք։ Երբ առաջարկում եք որոշակի տարօրինակ մեխանիզմներ՝ գումարներ ձեռք բերելու համար, ներողություն, մենք դա չենք անի, որովհետեւ որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»։
Նրա խոսքով, երբ բանակցում էին ընդդիմադիրների ու քաղհասարակության հետ, հավաստիացումներ եղան, որ կգտնվեն ֆինանսներ: «Մինչ այս պահը չենք կարող երաշխավորել, որ այս ֆինանսավորումը կապահովվի, իսկ այն նախնական գնահատականներով կազմում է 16 մլն եվրո, որից 3 մլն կառավարությունը պատրաստակամություն է հատնել տրամադրել»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ Կառավարությունը շահագրգիռ է այս հարցում, այդ պատճառով էլ արտահերթ նստաշրջան են հրավիրել եւ շարունակում են աշխատել այս ուղղությամբ։
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի պրակտիկայում եղել է մի դեպք, երբ օրենքն ընդունվում է, սակայն պետք է գործի միայն ֆինանսավորում լինելու դեպքում։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը նման օրենք չի հիշում, սակայն կան օրենքներ, որոնք չեն գործում, քանի որ չեն ֆինանսավորվում։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։
Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։