Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի քաղաքապետ, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ Մուսթաֆա Գյուլը Անթալիայում ՌԴ-ի հյուպատոսությանը հայտնել է, թե ցանկանում են տուն նվիրել սպանված ռուս օդաչուի ընտանիքին։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Քեմերի քաղաքապետ Մուսթաֆա Գյուլը այցելել է Անթալիայում ՌԴ հյուպատոսություն եւ հանդիպում անցկացրել հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյի հետ։
Հանդիպումից հետո թուրք քաղաքապետը լրագրողներին հայտնել է, թե իրենց շատ է ուրախացրել, որ օդանավի միջադեպից 7 ամիս անց ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորվում են։ Նա շեշտել է, թե Քեմերի հյուրանոցների տնօրենների ու հասարակական կազմակերպությունների համատեղ ստորագրությամբ որոշում է կայացվել սպանված ռուս օդաչուի ընտանիքին բնակարան նվիրել Քեմերում։ «Եթե մեր այս առաջարկը ընդունվի, մենք երջանիկ կլինենք, որ օդաչուի ընտանիքին տեսնենք մեր քաղաքում»,-ասել է Մուսթաֆա Գյուլը։
Նշենք, որ Սիրիայում խոցված ռուսական օդանավի կատապուլտված օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքը եւս «Ազգայնական շարժում» կուսակցությունից է։