Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ջերմացումը դրական փաստ է։ Այս մասին ասել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնին, փոխանցում է La Stampa–ն։
«Փակ դռների 10 տարին Բրյուսելին ոչինչ չտվեց։ Հիմա 2 դրական փաստ կա։ Առաջինը միգրացիայի հարցով համաձայնություն է, եւ պետք չէ կարծել, թե դա միայն Գերմանիայի շահերից է բխում։ Երկրորդը Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների ջերմացումն է»,– ասել է Ջենտիլիոնին։
Նախարարի խոսքով՝ այս պահին Թուրքիան հարվածի տակ է հայտնվել, եւ ԵՄ–ի հետ մերձեցման գործընթացում նրա աջակցությունը ֆորմալ ժեստ չէ։ «Ընդհակառակը, պետք է ընդգծել, որ նրա մեկուսացումը մազոխիզմ կլիներ»,– հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ ռուս–թուրքական հարաբերությունները վատթարացել էին 2015-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում Թուրքիայի ԶՈւ ուժերի կողմից ռուսական կործանիչը խոցելուց հետո։ Այս շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից խոցված օդանավի համար՝ դրանով կատարելով ՌԴ պայմանները։
Հունիսի 30-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահների միջեւ հեռախոսազրույց էր կայացել, որի արդյունքում Պուտինը հանձնարարել էր հանել Թուրքիայի դեմ գործող բոլոր պատժամիջոցները։